Դաղստանում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ

Ռուսաստանի Դաղստանի հանրապետության գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, ևս 11-ը վիրավորվել են, տեղեկացնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դաղստանում սգո օր է հայտարարվել։

ՌԴ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի ծայրամասերից մեկում գտնվող Նովի Խուշեթ գյուղի մոտ։

Միջադեպի առնչությամբ Ռուսաստանի իրավապահները հետաքննություն են սկսել, տեղի ունեցածի հնարավոր պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։