ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 17-րդ անգամ բանաձև է ընդունել, որը ճանաչում է բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների Աբխազիա և Հարավային Օսիա վերադառնալու իրավունքը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 103 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։
Սա, ըստ աղբյուրի, Վրաստանին ամենամեծ աջակցությունն է բանաձևը 2008-ին ներկայացնելուց ի վեր։
1992-1993 թվականների վրաց-աբխազական պատերազմի պատճառով մոտ 250 հազար վրացի խաղաղ բնակիչներ են տեղահանվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոլտենբերգ․ «Աբխազիան և Հարավային Օսիան պատկանում են Վրաստանին»Նշվում է, որ Հայաստանն առաջին անգամ է աջակցել բանաձևին, մի քանի տարի անընդմեջ չի մասնակցել քվեարկությանը, նախկինում էլ դեմ է քվեարկել։
Վրաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին բանաձևին աջակցելու համար։
«Վրաց-հայկական ռազմավարական գործընկերության ևս մեկ մեծ կարևոր քայլ», - X-ի իր էջում գրել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն:
Բանաձևին աջակցել են նաև Ադրբեջանը և Ուկրաինան, դեմ են քվեարկել 9 երկիր՝ Ռուսաստանը, Սիրիան, Նիկարագուան, Զիմբաբվեն, Բուրունդին, Բելառուսը, Կուբան, Հյուսիսային Կորեան և Մալին։ 53 երկիր ձեռնպահ է մնացել։
2023 թվականին բանաձևին աջակցել է 100 երկիր, 9-ը երկիր դեմ է եղել, 59-ը՝ ձեռնպահ։
2023-ի նոյեմբերին մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Աբխազիան և Օսիան որպես օկուպացված տարածքներ, հայտարարեց, որ Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։
«ՄԱԿ-ում մինչև 2019 թվականը և դրանից հետո Հայաստանի քվեարկությունները շատ տեսանելի և որոշակի տարբերություններ են արձանագրել, ինչի կապակցությամբ մեր եղբայրական պետության՝ Վրաստանի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են արտահայտել», - ասել էր գործադիրի ղեկավարը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս տարվա մարտին Երևան կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում հայտարարեց, որ Թբիլիսին երախտապարտ է, որ Երևանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և իր հերթին առանց վերապահումների աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսին առանց վերապահումների «աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»