COP29-ի համաձայնագիրն ընդունվեց, սակայն ոչ բոլորն են գոհ արդյունքից

COP29 համաժողովում երկրները համաձայնել են տարեկան 300 միլիարդ դոլար տրամադրել՝ օգնելու զարգացող երկրներին դիմակայել կլիմայի փոփոխություններին։

Երկարատև բանակցություններից հետո ստացված գործարքին որոշ պատվիրակներ հոտնկայս ծափահարել են հենց COP29-ի լիագումար նիստի դահլիճում: Մյուսները քննադատել են հարուստ երկրներին ավելին չանելու համար, իսկ հյուրընկալող Ադրբեջանին՝ ծրագրին հապճեպ հավանություն տալու համար։

ՄԱԿ-ի կլիմայի ղեկավար Սայմոն Սթիլը խոստովանել է, որ բանակցությունները բավականին դժվար են եղել։

«Բայց, մենք ավարտեցինք», - ասել է Ստիլը, - «Այս գործարքը կաջակցի մաքուր էներգիայի աճին և կպաշտպանի միլիարդավոր կյանքեր»:

Համաձայնագիրը նախատեսում է տարեկան 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում մինչև 2035 թվականը՝ հիմնվելով հարուստ երկրների նախկին պարտավորությունների վրա:

Բանակցությունները պետք է ավարտվեին ուրբաթ օրը, սակայն ձգձգվեցին, քանի որ գրեթե 200 երկրների ներկայացուցիչները չէին կարողանում կոնսենսուսի հասնել:

Ավարտից հետո էլ Հնդկաստանի ներկայացուցիչն, օրինակ, դժգոհել է, որ «այս փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան պատրանք», և որ այն չի լուծի խնդրի մասշտաբները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն, իր հերթին, հայտարարել է, որ ավելի հավակնոտ արդյունքի հույս ուներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ COP29-ն ավարտվել է, բայց եզրափակիչ համաձայնագրի շուրջ համաձայնություն չկա