Ձայների ավելի քան 60 տոկոսի առավելությամբ Մեքսիկայի նախագահ է ընտրվել մայրաքաղաք Մեխիկոյի նախկին քաղաքապետ, բնապահպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր 61-ամյա Կլաուդիա Շայնբաումն, ով կդառնա այդ երկրի 200 տարվա պատմության ընթացքում առաջին կին ղեկավարը:
«Ես միայնակ չեմ հասել այս օրվան, մենք միասին ենք դա արել, մեր կին-հերոսներն են կերտել այս երկիրը, մեր կին-նախկիները, մեր մայրերը, մեր դուստրերը, մեր թոռնուհիները, շնորհակալ եմ բոլոր մեքսիկացիներին ընտրություններին մասնակցելու համար, նրանք ապացուցել են, որ Մեքսիկան դեմոկրատական երկիր է, որտեղ հնարավոր է խաղաղ իշխանափոխություն», - ասել է Շայնբաումը:
Ընտրյալ նախագահը սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունի և ասել է, թե Մեքսիկայում ամեն ինչ պետք է արվի, որ տարեցները, կանայք, առողջական խնդիրներ ունեցողները, համասեռականները և բնակչության բոլոր խավերը ստանան ապրելու ազատ և հավասար պայմաններ:
Շայնբաումի հաղթանակը համարվում է կարևոր տեղաշարժ Մեքսիկայում, քանի որ այդ կաթոլիկ երկրում կանայք ավանդաբար տղամարդկանց ստվերում են մնում և տիրում է տղամարդկանց գերակայության մշակույթը:
Շայնբաումը հավաստիացրել է, որ կշարունակի և կզարգացնի իր քաղաքական ուսուցիչ, ներկայիս նախագահ Լոպես Օբրադորի վարած քաղաքականությունը: Չի բացառվում, որ նրա առաջնորդած «Մորենա» ձախակողմյան կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթի և մեծամասնություն ապահովելի օրենսդիր երկու պալատներում:
Կլաուդիա Շայնբաումն այս տարվա հոկտեմբերից է ստանձնելու նախագահի պաշտոնը: