Ադբրբեջանի նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուին։
Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։
Չավուշօղլուն Բաքվում է՝ մասնակցելու «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի կազմակերպած համաժողովին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Չավուշօղլուն Ալիևին շնորհավորել է COP 29-ը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ կլիմայական գագաթնաժողովը պատմական որակելով։ Իլհամ Ալիևն էլ այն շատ կարևոր է համարել ընդունված որոշումների տեսանկյունից։
COP29 համաժողովում երկրները համաձայնել են տարեկան 300 միլիարդ դոլար տրամադրել՝ օգնելու զարգացող երկրներին դիմակայել կլիմայի փոփոխություններին։ Գործարքը, սակայն, ոչ բոլորն են գոհացուցիչ համարել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ավելի հավակնոտ արդյունքի հույս ուներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի հյուրընկալած COP29-ը դիվանագիտական սկանդալներով է ուղեկցվում