Գերմանիայի Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ` Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեղադրանքով դատարանի առաջ կկանգնեն: Այս մասին հայտնում է Բեռլինում տեղակայված ադրբեջանական Meydan TV-ն: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ գերմանացի քաղաքական գործիչների դատավարությունը կմեկնարկի հունվարի 16-ին։
Ֆիշերը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, Լինտները՝ պաշտոնյաներին կաշառելու մեջ՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) որոշումների վրա Ադրբեջանի օգտին ազդելու համար։
Գերմանացի քննիչների տվյալներով՝ Լինտները, ով 2010 թվականից աշխատում է ԵԽԽՎ-ում, 2016-ին մի քանի միլիոն եվրո է ստացել 19 կեղծ ընկերությունների միջոցով և այդ գումարների մի մասը փոխանցել այլ պատգամավորների, ինչը, ըստ հետաքննության, պետք է ազդեր իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա։
Ֆիշերը, ըստ գործի նյութերի, ԵԽԽՎ-ում պարբերաբար հանդես է եկել Ադրբեջանի շահերից բխող ելույթներով, ինչի դիմաց, մեղադրանքի համաձայն, ստացել է 21 հազար 800 եվրո կաշառք։
Քաղաքական գործիչները հերքում են մեղադրանքները: