Հոկտեմբերի լույս 9-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը ռուսական տարածքի վրա 47 ԱԹՍ են ոչնչացրել, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդման՝ Բրյանսկի մարզում 24 ԱԹՍ է ոչնչացվել, Ազովի ծովի շրջակայքում՝ 13-ը, 5-ը՝ Բելգորոդի շրջանում, երկուական՝ Կուրսկի և Ռոստովի մարզերում, ևս մեկը՝ Կրասնոդարի մարզում։
Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը երեկ երեկոյան մի քանի անգամ հայտնել է անօդաչու սարքեր որսալու մասին՝ նշելով, որ տուժաներ և ավերածություններ չկան։ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունն էլ հայտնել է Կարաչևի շրջանում «պայթուցիկ առարկաների» պայթյունների մասին։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն պնդել է, թե Կարաչև քաղաքի մոտ ուկրաինական զինված ուժերը հարվածել են ՌԴ ՊՆ զինամթերքի պահեստին։
Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևն էլ հայտնել է, որ «թշնամու զանգվածային օդային հարձակումներ» են հետ մղել՝ նշելով՝ Կագալնիցկի շրջանում ԱԹՍ բեկորների անկման պատճառով հրդեհ է բռնկվել, որը մարվել է։
ԱԹՍ հարձակումների մասին հաղորդել է նաև Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ԱԹՍ-ների գիշերային ամենազանգվածային հարձակումներից մեկը եղել է սեպտեմբերի 29-ին, ՀՕՊ-ը 125 ԱԹՍ է խոցել՝ մեծ մասը Վոլգոգրադի և Ռոստովի մարզերում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը ենթարկվել է ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակմանը պատերազմի սկզբից ի վեր