Սևաստոպոլում այսօր պայթյուն է տեղի ունեցել փողոցում կայանված ավտոմեքենայում, որի հետևանքով մահացել է Սևծովյան նավատորմի ավագ սպա։
Բռնակցված Ղրիմի իշխանությունները զոհվածի մասին մանրամասներ չեն հայտնում։
Ըստ Baza պարբերականի՝ մահացածը 1-ին աստիճանի կապիտան էր։ Այս կոչումը համապատասխանում է գնդապետի զինվորական կոչմանը։
Mash պարբերականն էլ նշում է, որ մահացած սպան ղեկավարել է 41-րդ հրթիռային նավակով բրիգադի շտաբը։
Ստորաբաժանումը մասնակցում է Ուկրաինայի դեմ պատերազմին, հրթիռային հարվածներ հասցնում «Կալիբր» և «Մալաքիտ» հրթիռներով։ Խոսքը, ըստ ամենայնի, Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ակադեմիայի շրջանավարտ Վալերի Տրանկովսկու մասին է։
Պայթյունի պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվում։
Ռուս զինվորականները, ռուսական կողմն անցած ուկրաինացի պաշտոնյաները և անվտանգության ուժերը, պարբերաբար մահափորձերի զոհ են դառնում Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները հիմնականում ուղիղ չեն ստանձնում իրենց մասնակցությունն այդ միջադեպերին և չեն մեկնաբանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղրիմում ԱԹՍ հարվածից նավթի պահեստ է այրվում