«Բուոն ջիորնո» կյանք. 11-ամյա Տաթևը Հռոմից վերադարձել է քաղցկեղը հաղթահարած

Արմեն Մարտիրոսյանն ու Տաթևը զբոսնում են երևանյան փողոցներից մեկով

Տաթևի երկար մազերը ծնողները կտրել էին, որովհետև քիմիաթերապիայի ընթացքում դրանք թափվում էին․ երկու տարի առաջ, բժիշկները նրա մոտ արյան սուր լեյկոզ էին հայտնաբերել: Նա 45 օր բուժվել է երևանյան հիվանդանոցում, բայց ապրելու միակ շանսը՝ ոսկրածուծի փոխպատվաստումն էր, ինչն այդ ժամանակ Հայաստանում չէր արվում:

Տաթևի ծնողներին հենց հիվանդանոցում տեղեկացրել են՝ Հայաստանում կա մի հիմնադրամ, որին հազարավոր անհատ քաղաքացիներ են փոխանցումներ անում, այդ գումարներն էլ ուղղվում են բուժման կարիք ունեցող երեխաների բժշկական ծախսերը հոգալուն:

Համացանցից բոլորին «Արմոս» անունով հայտնի Արմեն Մարտիրոսյանն է հիմնել «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը»:

Սկզբնական շրջանում նա իր Ֆեյսբուքի անձնական էջով էր տարիներ շարունակ դրամահավաքներ կազմակերպում քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելու համար, իսկ արդեն 2021-ից բացեց հիմնադրամը:

Այս երեք տարիներին հիմնադրամն ավելի քան 1 միլիարդ դրամի աջակցություն է տրամադրել շուրջ 2 հազար 700 երեխայի, նրանցից միայն շուրջ 3 տասնյակն է արտերկիր մեկնել, մնացածը բուժվել են Հայաստանում: Սա Արմեն Մարտիրոսյանը մեծ ձեռքբերում է համարում:

Արմեն Մարտիրոսյան, Տաթև

«Քաղցկեղի և արյան խնդիրների մասով արդեն, կարելի է ասել, բավականին մեծ բան փակ է, ու հիմնական միջամտությունները Հայաստանում իրականացվում են։ Կարելի է ասել՝ ամենամեծ խնդիրը վիրահատություններն են․ այստեղ մենք ունենք փայլուն մասնագետներ, բայց լինում են դեպքեր, երբ 10-12 սանտիմետրանոց ուռուցք է լինում երեխայի մոտ և այնպիսի վատ դիրքում է լինում, որ ոչ մի բժիշկ հանձ չի առնում դա կազմակերպել և իրենք են անգամ առաջարկում, որ երեխային տեղափոխենք լավագույն վիրաբուժների մոտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Հիմնադրամը ստացել է ավելի քան 35 հազար նվիրատվություն: Իսկ Տաթևի բուժման համար հայտարարված դրամահավաքը դեռ ընթացքի մեջ էր, երբ Հայաստանից ու Վատիկանից տարբեր պաշտոնյաներ հոգացել են Հռոմում նրա բուժման բոլոր ծախսերը: Քաղաքացիների փոխանցած գումարներով էլ 9-ամյա Տաթևն ու ծնողները մեկնել են Հռոմ, մեկ տարի ապրել այնտեղ ու ընթացիկ այլ ծախսեր վճարել:

«Ընթացքում տարբեր ընկեր-գործընկերների հետ հարաբերվելով հասկացանք, որ հնարավորություն ունենք երեխային ուղարկել Վատիկանի գլխավոր հիվանդանոց, որը շատ հայտնի է Եվրոպայում և բավականին մեծ փորձ ունի և շատ տարբեր գործընկերների օգնությամբ հնարավոր դարձավ այդ տեղափոխումը և երեխայի բուժումը կազմակերպել, կարող ենք ասել անվճար ամբողջը», - ասաց Մարտիրոսյանը։

Հիմնադրամն իր միջոցներով 6 բուժսարքավորում է նվիրել հիվանդանոցներին, 12 բժիշկների է վերապատրաստել արտերկրում, արյունաբանական կենտրոնում ստեղծել է քաղցկեղի կանխարգելման կենտրոն։

Տաթևը՝ Հռոմից վերադառնալուց հետո

«Մենք չենք ուզում երկու-երեք խոշոր գործարարից կախված լինենք, որ ամեն անգամ ինչ-որ գումարներ տան, խնդիրներ փակեն, մեզ համար ավելի կարևոր է նաև էդ մարդասիրական մշակույթի ձևավորումն ու էլ ավելի զարգացումը», - ասաց հիմնադրամի ղեկավարը՝ նշելով՝ այսպես նաև փորձում են համակարգային բացերը լրացնել։

Հիմնադրամը հաջողված համագործակցություն ունի նաև պետական մարմինների հետ: Այդուհանդերձ Արմեն Մարտիրոսյանն ասում է՝ այս ոլորտում բաց են մնում գիտական ուսումնասիրություններն ու լուրջ վիճակագրությունը՝ խնդրի մասշատբները հասկանալու համար, բացի այդ, նրա խոսքով, նաև ախտորոշումն է դեռ կաղում։

«Ամենամեծ առաջնահերթությունը մեր հիմնադրամի առջև, որ դրված է պագայում, դա վաղ հայտնաբերում և կանխարգելումն է», - ասաց Մարտիրոսյանը։

Հռոմում ոսկրածուծի փոխպատվաստում ստացած Տաթևը դեռ բժիշկների հսկողության տակ է: Հռոմում իտալերեն է սովորել։

Հայաստանում այս պահին քաղցկեղի դեմ բուժում է ստանում 125 երեխա։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ ամեն տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է շուրջ 100 երեխա։ Առողջապահության նախարարությունից ասում են՝ նրանց անվճար դեղերով ապահովումը սկսել է 2018 թվականից։ Վերջին հինգ տարիներին 40 դեղ պետական պատվերի շրջանակում է տրվել։ 2018-ից մինչև 2023 թվականների ընթացքում պետական պատվերով մատուցվել է մանկական ուռուցքաբանական և արյունաբանական 8 հազար 74 ծառայություն, Հայաստանում ստեղծվել է մանկական քաղցկեղի առաջին պալեատիվ ծառայությունը և ամոքիչ բժշկական օգնության ծառայությունը։ Այստեղ ապրելու նվազագույն շանսեր ունեցող երեխաներն են բուժվում։