ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը, «Ազատությանը» հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Այժմ եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը», - նշել է դեսպանատունը։
«Ազատության» հարցին՝ արդյոք Երևանից հետո Բոնոն կմեկնի՞ Բաքու, ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են՝ կոնկրետ տեղեկություն չունեն. - «Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն հաճախակի է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը վերահաստատում է սեղմ ժամկետում համաձայնագիր ստորագրելու պատրաստակամությունըԵրևանում գտնվող ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետն արդեն հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, նրա հետ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու վերջին զարգացումները: Պաշտոնյաներն, ԱԽ գրասենյակի փոխանցմամբ, անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: