Ուրբաթ օրը տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել են Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի կենտրոնական հրապարակում: Նրանք կոչ են արել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին դադարեցնել մերձեցումը պուտինյան ռեժիմի հետ։ Ինչպես նշում է Reuters գործակալությունը, ցույցը տեղի է ունենում կառավարության և ընդդիմության միջև լարվածության սրման հետ միաժամանակ:
Հանրահավաքի մասնակիցները վանկարկել են «Բավական է, Ֆիցո՛», և «Մենք Եվրոպա ենք»: Հանրահավաքներ են կայացել նաև Սլովակիայի 20 այլ քաղաքներում։ Բրատիսլավայում հանրահավաքի կազմակերպիչները հայտարարել են, որ հրապարակ է դուրս եկել մայրաքաղաքի մոտ 60 հազար բնակիչ: Պաշտոնապես այդ թիվը չի հաստատվել:
Վերջին շաբաթներին իշխանությունների և ընդդիմության միջև լարվածությունն աճել է։ Ֆիցոյի ձախ ազգայնական կառավարությունը ցուցարարներին մեղադրել է երկրում «քաոս առաջացնելու» փորձերի մեջ:
Բողոքի ցույցեր կազմակերպող ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական խմբերը հերքել են այդ մեղադրանքները:
Ֆիցոն չորրորդ անգամ վարչապետ է դարձել 2023 թվականին։ Նրա քննադատները հայտարարում են, որ կառավարությունը թուլացնում է ժողովրդավարական արժեքները և հեռանում Եվրամիությունից ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներից՝ մերձենալով Ռուսաստանի հետ:
Բողոքի վերջին ալիքը երկրում տարածվել է անցյալ տարվա դեկտեմբերին Ֆիցոյի Մոսկվա կատարած այցից հետո։ Այն ժամանակ Սլովակիայի առաջնորդին ընդունել էր նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆիցո․ «Սլովակիայում հեղաշրջում էր ծրագրվում» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆիցոն գազի տարանցման հարցով Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ