Բնակիչը պնդում է՝ Չարենցավանի ոստիկանների ծեծից հետո հայտնվել է հիվանդանոցում

34-ամյա Արա Օհանյանը պնդում է՝ Չարենցավանի ոստիկանների ծեծից հետո հայտնվել է հիվանդանոցում, այսօր առավոտյան է դուրս գրվել:

Ինչո՞ւ է Արան ոստիկանություն գնացել, ոսկյա շղթայի գողության մի պատմություն է։ Ինքն ու կնոջ եղբայրը Չարենցավանի երկաթի ձուլարանում են աշխատում, այդտեղ հանդերձարանից գողանում են կնոջ եղբոր շղթան։ Արցախից տեղահանվածներ են, ընտանիքներով միասին են ապրում, այդ շղթան էլ Արան 44-օրյա պատերազմից հետո էր Երևանից Մարտունի՝ կնոջ եղբորը տարել։ Գողության մասին հաղորդումից հետո դեկտեմբերի 4-ին Արային կանչում են Ոստիկանության Չարենցավանի բաժին. առաջինը հարվածում է մի ոստիկան, որի անունը չգիտի: Հաջորդ հարվածը՝ Սամվել անունով ոստիկանից:

Ըստ Արայի՝ ոստիկանների պահանջն այն էր, որ ինքը գողությունն իր վրա վերցնի, խոստանում էին՝ ոչ ոք չի իմանա, ծանոթներ ունեն Քննչականում, գործը արագ կփակվի:

Եզրափակիչ հարվածն, ըստ Արայի, ոստիկանության բաժնի պետի տեղակալ Արթուր Իսկանդարյանից է ստացել:

Արան լյարդի միելոպրոլիֆերատիվ հիվանդություն ունի, դեղերով է ապրում։ Ծեծից հետո վիճակը կտրուկ վատացել է:

Ոստիկաններն, ըստ Արայի, հենց իրեն են թիրախավորել, քանի որ գողությունից հետո այդ ձուլարանում փորձել էին գտնել գողին, ապարդյուն, հետո ինքն առաջարկել էր՝ ով ինչքան կարող է փող հավաքեն, տան շղթայի տիրոջը, հարցը փակվի, գումար չէր հավաքվել, բայց ոստիկաններն, ըստ Արայի, ցանկանում էին հանցագործությունը հենց իր վրա բարդել, որ արագ բացահայտում ցուցադրեն։

Նույն բռնության օրն են ծեծված տղամարդուն շտապօգնության մեքենայով հիվանդանոց տարել, ոստիկաններից հորդոր է ստացել, կասես՝ ընկել ես։ Հետո՝ փորձել են գողությունը բարդել այլ աշխատողների վրա:

Այս դեպքի մասին ահազանգել էր փաստաբան Ռոման Երիցյանը։ ՆԳՆ լրատվության վարչությունից «Ազատության»-ը տեղեկացրին՝ նախարարի հանձնարարությամբ նախարարության Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Ի դեպ՝ փաստաբանի ահազանգից հետո Արային հիվանդանոցում այցելել են նախարարության այս նույն ու նաև վերահսկողության վարչությունների ծառայողները։

Բռնության մասին այս ահազանգից հետո քրեական գործ չկա։ Քննչական կոմիտեից ասում են՝ հաղորդում չենք ստացել։

Ավելի մանրամասն՝ ռեպորտաժում.