ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է երկարատև և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ Բլինքենը երեկ Նյու Յորքում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։
Միլլերի փոխանցմամբ, Բլինքենը կոչ է արել երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնականացնելու ուղղությամբ:
Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը կայունություն ու զարգացում կբերի տարածաշրջանին։
Երեկ Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Հանդիպմանը հաջորդած հաղորդագրություններում նշվում է, որ կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։
Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։ Բաքուն մերժում է Երևանի այս առաջարկը։
Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
Սակայն, սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՀՀ Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղությունը գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու համար․ Էրդողան