ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիգիբայի հետ, վերահաստատել Միացյալ Նահանգների մշտական աջակցությունը Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարին։
Ըստ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինքենն ու Սիգիբայը քննարկել են առաջիկա դիվանագիտական իրադարձություններն ու ԵՄ ղեկավաների հետ շփումները։
Զրույցի ընթացքում պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի շարունակական ռազմական և տնտեսական աջակցությունը Ուկրաինային և ուկրաինացիներին՝ ի պաշտպանություն իրենց ազատության:
Ուկրաինայի արտգործնախարարն իր հերթին տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի է ունեցել վերահաստատելու Ուկրաինա-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու միջազգային կարևոր հանդիպումից առաջ համակարգելու դիրքորոշումները։
Սիգիբայը նաև տեղեկացրել է Բլինքենին ուկրաինական էներգետիկ համակարգերին ռուսական հարվածների մասին, ինչպես նաև ներկայացրել Ուկրաինայի հիմնական ռազմական և էներգետիկ կարիքները։
«Շնորհակալ ենք ԱՄՆ-ին իր աջակցության համար», - X-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարարը։
Բայդենն անցած շաբաթ պետք է մեկներ Գերմանիա՝ «Ռամշտայն»-ի գագաթնաժողովին։ Հենց նա էլ պետք է գլխավորեր գագաթնաժողովը, որի օրակարգում Ուկրաինային անսասան աջակցության հարցն էր։ Սակայն նրա այցը հետաձգվեց «Միլթոն» փոթորիկի պատճառով։ Ուկրաինայի նախագահն էլ մեկնեց Լոնդոն, Փարիզ, Հռոմ, Բեռլին և եվրոպական առաջնորդներին ներկայացրեց խաղաղության պլանը։
Ակնկալվում է, որ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կմեկնի Բեռլին՝ գագաթնաժողովին, և սա կլինի Ուկրաինային ամենաբարձր մակարդակով զենք մատակարարող երկրների խմբի առաջին հանդիպումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջո Բայդենը Գերմանիա կայցելի ուրբաթ օրը. Reuters