ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 22-ին Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, իսկ Թել Ավիվում հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, նախագահ Իցհակ Հերցոգի հետ:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ, Բլինքենը Նեթանյահուի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունից հետո հրադադարի հաստատելու հնարավորությունը, որը կապահովի բոլոր պատանդների ազատ արձակումը և կայուն անվտանգություն կապահովի իսրայելցիների և պաղեստինցիների համար:
ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է հետկոնֆլիկտային ժամանակաշրջանի համար նոր ուղի գծելու կարևորությունը, որը թույլ կտա պաղեստինցիներին վերականգնելու իրենց կյանքը և ապահովելու Գազայի կառավարումն, անվտանգությունն և վերակառուցումը:
Նրանք քննարկել են նաև Իրանի կողմից հետագա ագրեսիան զսպելու անհրաժեշտությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը։
Գալանտի հետ հանդիպմանը Բլինքենը կրկին շեշտել է Իրանի կողմից տարածաշրջանային հետագա ագրեսիան զսպելու շարունակական ջանքերը: Պետքարտուղարը վերահաստատել է Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը մեծացնելու հրատապ անհրաժեշտությունը։
Բլինքենը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն անցյալ շաբաթ իսրայելցի պաշտոնյաներին հեռագիր էին ուղարկել` պահանջելով կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել Գազայի հատվածում իրավիճակի բարելավման ուղղությամբ, այլապես սպառնալով սահմանափակել ԱՄՆ ռազմական հնարավոր օգնությունը։
Հերցոգի հետ Բլինքենը քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված շարունակական ջանքերը, վերահաստատել ԱՄՆ հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը։
Բլինքենը շեշտել է Գազային կայուն, մարդասիրական օգնությունը վերականգնելու հրամայականը և վերահաստատել պատերազմը դադարեցնելու կարևորությունը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը և պայմաններ կստեղծի ավելի լայն տարածաշրջանային կայունության համար:
Բլինքենի այցը Մերձավոր Արևելք երեկ է մեկնարկել։ Պետքարտուղարը տարածաշրջանում է արդեն մեկ տարի շարունակվող ու ընդարձակվող պատերազմը կանգնեցնելու և Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները վերականգնելու նպատակով։ 2023-ի հոկտեմբերից ի վեր սա Բլինքենի արդեն 11-րդ այցն է տարածաշրջան, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորումը հարձակվեց Իսրայելի վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը մեկնել է Մերձավոր Արևելք՝ կանգնեցնելու պատերազմը