Բլինքենն ու Ֆիդանը զրուցել են, ընդգծել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու կարևորությունը

Էնթոնի Բլինքեն ու Հաքան Ֆիդանը Նյու Յորքում, 22-ը սեպտեմբերի, 2024թ․

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում՝ ընդգծելով արդար և երկարատև խաղաղության հասնելու կարևորությունը, որն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս իր օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերըի միջոցով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին գրեթե նույնաբովանդակ նամակներ էր հղել՝ կոչ անելով այս տարի ամբողջացնել խաղաղության պայմանագիրը: Նամակում խոսք կար նաև իր օգնականի միջոցով փոխանցվող առաջարկների, կամ ինչպես Բայդենն էր ձևակերպել՝ «համարձակ նախաձեռնությունների» մասին, որոնք ամերիկյան վարչակազմը կուզեր ձեռնարկել, ու որոնք, ըստ, ԱՄՆ ղեկավարի, կօգնեն հասնել խաղաղության. - «Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»:

Կողմերն առայժմ չեն բացահայտել այդ առաջարկների բովանդակությունը։

Բայդենը նամակում նաև նշել էր, որ «խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում»։ Պետդեպը ևս չի բացահայտում, թե ԱՄՆ նախագահն ինչ առաջարկներ է արել Երևանին և Բաքվին։

Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսով քննարկել են նաև Լիբանանում հակամարտությանը դիվանագիտական լուծում գտնելու շարունակական ջանքերը: Պետքարտուղարը վերահաստատել է՝ ժամանակն է դադարեցնել պատերազմը Գազայում։

Բլինքենը ցավակցել է Ֆիդանին հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:

Հարձակման հետևանքով, նախնական տվյալներով 5 մարդ է զոհվել, 22-ը վիրավորվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում երեկ տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 5-ի, կա 22 վիրավոր