Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու կարևորությունը

Էնթոնի Բլինքեն, Հաքան Ֆիդան, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը, փոխանցում է ԱՄՆ պետդեպարտամենտը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օնջյու Քեչելին ևս տեղեկացրել է հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ Բլիքենն ու Ֆիդանն անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։

Խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարել է՝ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված: Բաքվից չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Դրանցից երկուսը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Երևանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է դրանց իսկությունը։ Հայաստանի իշխանությունից վստահեցնում են՝ բանակցություններում դրական զարգացումներ կան, և ավելի քան երկու տարվա քննարկումներից հետո պայմանագիր կնքելու հնարավորություն են տեսնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը նամակ է գրել Փաշինյանին. այն նրան փոխանցել է ԱՄՆ նախագահի օգնականը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենն Ալիևին կոչ է անում այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը

Բլինքենն ու Ֆիդանն անդրադարձել են նաև Լիբանանի, Իրսրայելի հարցին։ Պետքարտուղարն ասել է, որ ժամանակն է դադարեցնելու հակամարտությունը Գազայում, ապահովելու պատանդների ազատ արձակումը, ավելացնելու մարդասիրական օգնությունը և հնարավորություն ստեղծելու Գազայի պաղեստինցիների համար՝ վերականգնելու իրենց կյանքը:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 41 հազարը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ հուլիսի վերջին՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։

Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմները Գազայում և Լիբանանում խաթարում են Իսրայելի հարաբերությունները Եվրոպայի հետ