ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռիո դե Ժանեյրոյում, հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ նրանք քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը, ինչպես նաև իրավիճակը Լիբանանում, ընդգծել Գազայում պատերազմը վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները Բրազիլիայում են G20-ի շրջանակներում:
Բլինքենն ու Ֆիդանը Հարավային Կովկասի հարցը քննարկել էին նաև նոյեմբերի 13-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
ԱՄՆ-ը հայ-ադրբեջանական պայմանագրի շուրջ բանակցային 2.5 տարվա ընթացքում քննարկումների մի քանի փուլ է կազմակերպել, վերջին անգամ արտգործնախարարները բանակցեցին Նյու Յորքում, որից հետո այդ հանդիպմանը մասնակցած պետքարտուղարը խրախուսել էր ջանքեր գործադրել՝ համաձայնագիրը հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերելու համար:
Այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակներ ուղարկեց Հայստանի և Ադրբեջանի ղեկավարներին։ Ալիևին ուղղված նամակում Բայդենը հորդորել էր ավարտին հասցնել Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը նամակ է գրել Փաշինյանին. այն նրան փոխանցել է ԱՄՆ նախագահի օգնականը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենն Ալիևին կոչ է անում այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը