Բլինքենը ողջունել է Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք օգտագործելու համաձայնությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղարն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։

Էնթոնի Բլինքենը նախ վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջընթացին, ասված է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։

Երևանն օրերս է ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Դա պայմանագրի նախագծի տեքստի 9-րդ խմբագրությունն է:

Վարչապետ Փաշինյանի հետ զրույցում նա ողջունել է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, որի մասին հաղորդվեց ապրիլի 19-ին։ Ըստ այդմ, կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Տավուշում սահմանազատման գործընթացը, սակայն, ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում, այդ թվում՝ Երևանում։ Բլինքենի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, համառոտ անդրադարձել է Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգություններին՝ ասելով, որ դրանք հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար: Թե ինչպես, չի հստակեցվում։

«Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաև նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման ու սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը», - նշել է կառավարությունը հաղորդագրության մեջ:

Պետքարտուղարության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի հետ զրույցում Բլինքենը երախտագիտություն է հայտնել Ալիևին կողմերի միջև սահմանազատման հայտարարության համար, ընդգծել է դրա կարևորությունը և՛ Երևանի, և՛ Բաքվի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու գործում:

Պետքարտուղարը Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ։ Իլհամ Ալիևն ասել է, որ սահմանազատման գործընթացից հետո երկու երկրների սահմանին սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրական քայլ էր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամեն ինչ կարվի Տավուշի բնակիչների լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար. Փաշինյանը՝ Բլինքենին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման գործընթացից հետո սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրական քայլ էր. Ալիև

Նիկոլ Փաշինյանի հետ զրուցելիս Էնթոնի Բլինքենը նաև ընդգծել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականին աջակցելու Նահանգների շարունակվող ջանքերը։

Հայաստանի վարչապետն, իր հերթին, անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ընդգծել է, որ այն արտահայտում է նախորդ հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իր պայմանավորվածությունները, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության ու իրավազորության հիման վրա՝ հավասարության և փոխադարձության սկզբունքով:

Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքուն մինչև օրս դիրքորոշում չի հայտնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 7 օր Տավուշի շուրջ. սահմանագծում, ականազերծում, փակ ճանապարհներ, կարմիր ու սև բերետավորներ