107 բերման ենթարկված Թբիլիսիում գիշերվա ցույցերի ժամանակ

Վրաստանում գիշերվա ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 107 անձ «ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության համար», հայտարարել է երկրի ոստիկանությունը։

Ներքին գործերի նախարարությունը շեշտել է, թե չնայած իրավապահների կոչերին՝ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի տարածքում տեղի ունեցած հանրահավաքը խախտել է սահմանված նորմերը։

Նշվում է նաև, որ հանրահավաքի մասնակիցների «բռնի գործողությունների արդյունքում» տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։

Ցուցարարները երեկ երեկոյան կրկին հավաքվել էին Ռուսթավելի պողոտոայում՝ խորհրդարանի դիմաց ու դրան հարակից տարածքում։ Ողջ գիշեր ոստիկանությունը փորձում էր ցրել հավաքը, կիրառվել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ։ Նրանց արդեն երկրորդ օրը փողոց է դուրս բերել վարչապետի հայտարարությունը Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028թ. դադարեցնելու վերաբերյալ։

Վրաստանի ՆԳՆ-ն այսօրվա հայտարարության մեջ նշել է, որ օրենսդիր մարմնի շրջակայքում հավաքված մարդիկ վնասել են խորհրդարանի անվտանգության ցանկապատը, դարպասը։

Նախորդ օրը ևս ոստիկանները բավականին կոշտ միջոցներով ցրեցին հավաքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում ոստիկանությունը ջրցան մեքենա, արցունքաբեր գազ է կիրառում (լրացված)