Ձերբակալվել է ադրբեջանցի իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը

Ադրբեջանում երեկ երեկոյան ձերբակալվել է հայտնի իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը, որը հաջորդ շաբաթ պետք է ԱՄՆ պետքարտուղարի կողմից պարգևատրվեր՝ մարդու իրավունքների ոլորտում ծավալած գործունեության համար:

Խարդախության և խուլիգանության մեղադրանքով բերման ենթարկված իրավապաշտպանի խափանման միջոցը դատարանը պետք է որոշի այսօր: Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունից «Թուրան»-ին ասել են, թե Սաֆարովին բերման ենթարկելու պատճառը հողի առքուվաճառքի շուրջ կոնֆլիկտն է, որ ծագել է նրա և մեկ այլ քաղաքացու միջև։

Մինչդեռ Սաֆարովը հերքել է դա, վստահ է, որ պատճառն իր իրավապաշտպան գործունեությունն է, նաև մրցանակը, որը հաջորդ շաբաթ՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ ԱՄՆ-ում պետք է ստանար անձամբ Էնթոնի Բլինքենից։

Սաֆարովի փաստաբանը լրատվամիջոցներին ասել է, որ իշխանությունները գիտեին մրցանակի մասին ու որպեսզի խափանեն մրցանակաբաշխությունն ու առհասարակ պատժեն նրան, գործ են սարքել իրավապաշտպանի դեմ։

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Սաֆարովի ձերբակալության վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարությունն արդեն մտահոգություն է հայտնել Սաֆարովի ձերբակալության վերաբերյալ:

«Մենք ուշադիր հետևում ենք այս դեպքին: Չափազանց կարևոր է, որ իրավապաշտպաններն ամենուր կարողանան իրենց աշխատանքը կատարել անարգել և ազատ՝ չվախենալով հատուցումից: Եվ մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն են ձերբակալված և դադարեցնել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ իրավապաշտպանների և լրագրողների դեմ ճնշումները», - նշել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն, որը ԵԽԽՎ-ից Ադրբեջանի պատվիրակությանը հեռացնելու նախաձեռնության հեղինակն է, X-ում գրել է՝ Սաֆարովի ձերբակալումը ցույց է տալիս, որ Իլհամ Ալիևի ընտանիքը պատրաստակամ չէ կատարելու ԵԽԽՎ վերադառնալու համար Ադրբեջանին ներկայացված պայմանները:

Ո՞վ է Սաֆարովը

Ռուֆաթ Սաֆարովը շրջանային դատախազության նախկին քննիչ է և դուրս էր եկել աշխատանքից 2015 թվականին՝ ի նշան երկրում մարդու իրավունքների ոտնահարման և անօրինականությունների դեմ բողոքի։ Ապա ձերբակալվել էր կաշառակերության մեղադրանքով և դատապարտվել 9 տարվա ազատազրկման։ 2019 թվականին ազատ էր արձակվել և սկսել իրավապաշտպան գործունեությունը։

Սաֆարովը հիմնել է «Պաշտպանության գիծ» անունով հասարակական կազմակերպությունը, որը փաստագրում է ու բարձրաձայնում է Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները և հետապնդումները, կառավարական օղակներում կոռուպցիայի, ինչպես նաև խոշտանգումների մասին:

Սաֆարովի ձերբակալությունը դատապարտել են ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ», «Մուսավաթ», «Հանրապետական այլընտրանք»
կուսակցությունների ղեկավարները՝ նշելով, որ նա երկրում ամենահամարձակ և ակտիվ իրավապաշտպանն է և հենց այդ պատճառով է հայտնվել իշխանությունների թիրախում։ Նրանք իշխանություններին կոչ են արել հրաժարվել Սաֆարովի դեմ շինծու գործից և ազատ արձակել նրան:

2024-ի հունիսի տվյալներով՝ Ադրբեջանում կար 303 քաղբանտարկյալ: Այս տարվա մարտի տվյալների համեմատ նրանց թիվն ավելացել էր 16-ով։ Ըստ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների՝ 2000-ականներից ի վեր առաջին անգամ է Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում 300-ը։