Բեռլինի գերբնակեցված ճամբարը շարունակում է ընդունել հազարավոր ուկրաինացիների

Գերմանիա - Փախստականները Տեգելում հերթ են կանգնել սննդի համար, արխիվ

«Շնորհակալ եմ Աստծուց, որ այստեղ եմ», - ուկրաինական Դնեպրոպետրովսկից 58-ամյա Լիլիա Կոնուլենկոն արդեն մեկուկես տարի է Բեռլինի հյուսիսում՝ «Տեգել» կոչվող նախկին օդանավակայանի տարածքում է ապրում։

Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից՝ 2022 թվականից ի վեր Գերմանիայի իշխանությունները Տեգելի տարածքն օգտագործում են փախստականներին ապաստան տրամադրելու համար։ Ճամբարի վերահսկողությունը Գերմանիայի փախստականների հարցերով գրասենյակի, Կարմիր Խաչի և տեղական մի շարք այլ մարդասիրական կազմակերպությունների ձեռքում է։ 2024 թվականի բյուջեով Գերմանիայի իշխանությունները 216 միլիոն եվրո են տրամադրել փախստականների կարիքները հոգալու համար։

Ըստ նախնական պլանի՝ Տեգելում փախստականները պետք է մնային 2-3 գիշեր՝ հանգստանային և այնուհետև վերաբնակեցվեին Գերմանիայի այլ շրջաններում։ Սակայն, գրեթե երեք տարի շարունակվող պատերազմից փախած ուկրաինացիների մեծ հոսքի պատճառով իրավիճակն անկառավարելի է դարձել։ Գերմանիայում ավելի քան մեկուկես միլիոն ուկրաինացի փախստական է ապաստանել։

Բեռլինում փախստականների հարցերով գրասենյակի խոսնակ Սաշա Լանգենբաշն ասում է՝ արդեն 2022 թվականի նոյեմբերից Գերմանիայում փախստականներին ապաստան տրամադրելու հնարավորությունները լրացան։

«Մենք ահազանգեր ստացանք Գերմանիայի հյուսիսից, հարավից, արևմուտքից, որ այլևս չեն կարողանում ուկրաինացիներին տեղավորել։ Եվ այդ ժամանակ էր, որ սկսեցինք վրաններում ժամանակավոր տարածք տրամադրել։ Այստեղ, օրինակ, դեռ 7 փախստական կա, որ 2022 թվականի մարտից այստեղ է ապրում», - նշում է Լանգեբաշը:

Մինչ նա ցույց է տալիս ճամբարի հատվածները, ներկայացնում նրանց գրանցման կարգը, այնուհետև ուղեկցում ճաշարանի և կացարանների հատվածներ, նրան է մոտենում Լիլիա Կոնուլենկոն ու բողոքում իրենց պահման պայմաններից ու սննդից։ Կինը Բեռլին է ժամանել միայնակ՝ հայրենիքում թողնելով երկու որդիներին և նրանց ընտանիքներին։

«Ես այստեղ ընդհանրապես ոչինչ չեմ ուտում, արդեն մեկ տարի հինգ ամիս է ինչ ճամբարում եմ ապրում», - ասում է Կոնուլենկոն:

Կինը Սաշա Լանգենբաշին խնդրում է, որ իրեն այլ անկողին տրամադրեն՝ մեկ այլ սենյակում։ Կնոջ խոսքով՝ տարածքը շատ փոքր է ու կեղտոտ։

Կոնուլենկոյին հաջողվել է Բեռլինի ռեստորաններից մեկում աշխատանքի անցնել, սակայն Տեգելից դուրս ապրել իրեն թույլ տալ չի կարող։

58-ամյա կինը ցույց է տալիս իր անկողինը, նրա հարևանությամբ 10-ից ավելի անծանոթ տղամարդիկ են ապրում։ Նրանց իրարից բաժանում է միայն անկողնուն ամրացված վարագույրը։ Կոնուլենկոյի անձնական իրերը, հագուստը և Աստվածաշունչը խնամքով դրված են մահճակալի անկյուններում:

Սա միակ անձնական տարածքն է, որը ճամբարը կարող է տրամադրել յուրաքանչյուր փախստականի: Այստեղ նույնիսկ խցիկներ կան, որտեղ անգամ մինչև 14 մահճակալ է տեղավորվում։

Բեռլինում փախստականների հարցերով գրասենյակի խոսնակն ասում է՝ ոչինչ չեն կարող անել այս խնդիրը լուծելու համար։

Պաշտոնական տվյալներով՝ միայն հոկտեմբերի կեսին 250 մարդ է ժամանել Տեգել, մեծ մասը՝ Ուկրաինայի արևելյան հատվածներից՝ Խարկովից, Դոնեցկից, ինչպես նաև հարավից՝ Խերսոնից, որտեղ շարունակվում են ծանր մարտերը։ Մոտ 5 հազար փախստականների մեծ մասը ուկրաինացի են, բայց այստեղ փախստականներ կան նաև Սիրիայից, Աֆղանստանից, Իրաքից, Մոլդովայից, Վրաստանից և այլ երկրներից։

Ուկրաինայից ժամանածներից ոմանք անդամահատված են՝ ունեն խնամքի հատուկ կարիք, ոմանք էլ քիմիաթերապիա են անցնում: Տեգելում հատուկ խնամքի համար նախատեսված մի փոքրիկ բաժանմունք կա, որտեղ կարող է մինչև 40 մարդ բուժվել։

Ամեն անգամ, երբ փախստականները վերադառնում են Տեգել, անվտանգության աշխատակիցները ստուգում են նրանց ինքնությունը, պայուսակները և անձնական այլ իրեր, դրանից հետո միայն թույլ տալիս մուտք գործել տարածք։

26-ամյա երիտասարդը, որ ցանկացավ անանուն մնալ, միայնակ փախել է Ուկրաինայի հյուսիսից և վեց ամիս է Տեգելում է բնակվում։

«Երբեմն ես կարոտում եմ Ուկրաինան, իմ ընտանիքին, ընկերներիս և ինձ ծանոթ ուտելիքները, բայց ծնողներս ասում են՝ դեռ ետ մի արի, քան դեռ մոբիլիզացիան չի ավարտվել», - ասում է նա:

Ուկրաինայի իշխանությունները գարնանը պահեստազորի նվազագույն տարիքը 27-ից 25 դարձրեցին։ Այդ քայլով Կիևի իշխանությունները ցանկանում էին 2024 թվականին զորքերի անհրաժեշտ քանակ ապահովել։

«Ես պատկերացում չունեմ, թե ինչպես կավարտվի պատերազմը, դա ավելի շատ կախված է Միացյալ Նահանգներից և Եվրամիությունից, ցավոք սրտի մենք չեն կարող որոշել դա։ Երբեմն ինձ թվում է՝ մենք պատանդ ենք մեր սեփական երկրում, ցավոք սրտի երբեմն ինձ թվում է անգամ, որ Ուկրաինայի կառավարությունն էլ է պատանդ դարձել», - նշում է 26-ամյա երիտասարդը։

Տեգելի վրաններից միայն մեկն է, որ այդքան էլ մարդաշատ չէ։ Այստեղ փախստականները հնարավորություն ունեն համակարգիչներով աշխատել, ընթերցել, նկարել, նվագել, անգամ բիլիարդ խաղալ։ 16-ամյա Գլեբը չորս ամիս առաջ է լքել հայրենիքը։

«Սկզբում գնացինք Վարշավա, Լեհաստան, բայց, ցավոք սրտի, մեկ շաբաթ անց լքեցինք Լեհաստանն ու եկանք այստեղ», - ասում է Գլեբը:

Նա հայրենիքում թողել է մորն ու տատիկին և հոր հետ փախել Ուկրաինայի կենտրոնական Չերկասի քաղաքից։ Լեհաստանի մայրաքաղաքում, Գլեբի խոսքով, իրենց խորհուրդ էին տվել Գերմանիա գնալ, որտեղ փախստականների համար սոցիալական պայմաններն ավելի բարենպաստ են, սակայն, ըստ նրա, հակառակն է ստացվել. - «Մենք տեղափոխվեցինք այստեղ, որովհետև լսել էինք, որ օգնությունն այստեղ ավելի շատ է, բայց դա ճիշտ չէր։ Մեկ ամսվա համար երկու անձին 300 եվրո են տրամադրում։ Նույնը կլիներ Լեհաստանում, Իտալիայում և ցանկացած այլ երկրում»։

Չնայած ծանր պայմաններին, 16-ամյա պատանին Բեռլինում հնարավորություն ունի շարունակել դպրոցական կրթությունը: Նրա խոսքով՝ եթե անգամ պատերազմն ավարտվի, չի ցանկանում վերադառնալ այնտեղ. - «Ուկրաինան շատ աղքատ ու կոռումպացված է: Մայրս դպրոցում հաշվապահ է աշխատում, նրան ընդամենը 200 եվրո են վճարում»։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեքսաս նահանգում ծնված, այնուհետև Կիևից պատերազմի պատճառով Տեգելում ապաստանած Չարլզ Ֆիննը այստեղ կարողացել է լավ ընկերներ գտնել։ Իր խոսքով՝ ամենավատ իրավիճակում անգամ փորձում է դրականը փնտրել։

«Սանիտարական պայմանները, սնունդը, ամեն ինչ սարսափելի է այստեղ, բայց գոնե ոչ ոք ինձ վրա չի կրակում: Այնպես որ, լավ է: Իմ սենյակում 14 տղամարդ է մնում, հիմնականում նրանք ուղղակի հենվում են մահճակալին, ոչինչ չեն անում, կամ խմում են։ Այստեղ քչերն են իմ պես խանդավառ», - ասում է Ֆիննը։

Նա և ընկերները մի գաղափար ունեն՝ ուզում են խնդրել, որ մինչև ժամը 11-ը բաց լինի ճամբարի համակարգիչներով հատվածը։ Այստեղ մի փոքր ավելի երկար կմնան, մինչ ուշ երեկոյան փախստականների գերբնակեցված սենյակներ վերադառնալը։

Սոնա Հովսեփյան