Զինծառայողի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Բերդի զորամասում զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Զինծառայողի դին հայտնաբերվել է նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում՝ կախված վիճակում:

Քննչականը նշում է, որ հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է:

Զինծառայողը Արտաշատի Աբովյան բնակավայրից է։ Աբովյանի վարչական ղեկավար Ավետիք Հարությունյանը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ Նարեկ Գրիգորյանը երեք քույր ունի, ծնողների միակ որդին էր։

Իրավապաշտպանների տվյալներով՝ այս տարի ոչ մարտական պայմաններում մահվան 35 դեպք է արձանագրվել։ Հակառակորդի կրակոցից 4 հոգի է զոհվել։ Ոչ մարտական պայմաններում անցած տարի մահվան 64 դեպք է եղել, 2022-ն՝ 50, 21-ին՝ 57։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2024-ին զինվորական ծառայության ընթացքում ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 5 դեպք է գրանցվել. դատախազ