Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երեկ ժամանել են Երևան։
Նրանք Երևանում են մասնակցելու այսօր անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վարչապետերին դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նիստերի ընթացքում վարչապետերը կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները»։
Ակնկալվում է նաև, որ ԵԱՏՄ երկրների վարչապետերը կդիտարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2030 թվականը։
Երեկ Ռուսական կողմը հաղորդեց, որ ուշադրության կենտրոնում, մասնավորապես, կլինեն ներքին շուկայի գործունեության, արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացման հարցերը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի աշնանային հանդիպումներն ավանդաբար անցկացվում են Հայաստանում։ Խորհրդի վերջին նիստն անցկացվել է Բելառուսում՝ հունիսին։
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը:
Այս տարվա հունվարի 1-ին ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից անցավ Հայաստանին։ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին Հայաստանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Ընդգծելով, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը՝ Երևանը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունը ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ․ Մհեր Գրիգորյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան «հույս ունի, որ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ ԱՄՆ-ի և ԵՄ պատճառով»