Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ալմաթիում Ղազախստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է առաջիկա ժամերին, մինչ այդ՝ բանակցությունները հյուընկալող Ղազախստանի արտգործնարարարն առանձին հանդիպումներ է ունենում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Բայրամովը ղախազ պաշտոնակցի հետ հանդիպմանը «շնորհակալություն է հայտնել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և գործունեության համար»։
Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։ Ալիևը շեշտել էր՝ խոսքը ոչ թե միջնորդության, այլ զուտ բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին է։ «Երբ Երևանն ու Բաքուն մենակ են շփվում, և ոչ ոք չի ցանկանում իրավիճակն օգտագործել իր քաղաքական նպատակների համար, վաղ թե ուշ կարողանում են համաձայնության գալ», - ասել էր Ադրբեջանի նախագահը՝ վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող աշխատանքները։
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը մոտ կես տարվա դադարից հետո խաղաղության բանակցությունները վերսկսեցին մոտ երկու ամիս առաջ Գերմանիայում: Բեռլինում երկու օր տևած այդ քննարկումներից հետո, սակայն, Երևանն ու Բաքուն այդպես էլ շոշափելի առաջընթացի մասին չհայտարարեցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալմաթիում այսօր կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը