Բայրամովը նշել է խաղաղության գործընթացին «սպառնացող հիմնական գործոնները»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Հայաստանի օրենսդրական ակտերում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները և այդ երկրի աճող ռազմականացումը տարածաշրջանում կայուն խաղաղության գործընթացին սպառնացող հիմնական գործոններն են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Լյուքսեմբուրգի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ նա Քսավյե Բետելին է ներկայացրել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն և տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Օրերս Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։ Ադրբեջանը պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, Հայաստանն էլ Բաքվի այս պահանջն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է 16 հոդվածով խաղաղության պայմանագիր. Փաշինյան