Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել Հայաստանի արտգործնախարարին, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով իր դիվանգիտական աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Մալթայում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում փորձել է նախաձեռնել Միրզոյան-Բայրամով հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է առաջարկը՝ «ԱՄՆ վարչակազմի քաղաքականության պատճառով»։ Ըստ APA-ի աղբյուրի՝ Բայդենի վարչակազմն «անարդարացի և կանխակալ քաղաքականություն է վարում, և այդ պատճառով Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում, որ Վաշինգտոնը մասնակցի խաղաղության օրակարգին»:
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը երեկ էր «Ազատությանը» փոխանցել, որ Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա։ Այսօր ի պատասխան «Ազատության» հարցման նա հաստատեց, որ հայկական կողմը համաձայնություն տվել էր հանդիպմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը մեկնում է Մալթա, Բայրամովի հետ «պլանավորված հանդիպում չկա»Այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում, տեղի էր ունեցել Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Կողմերը համաձայնել էին ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։
Արտգործնախարարներն ամերիկյան հարթակում բանակցել էին նաև այս տարվա հուլիսի սկզբին։ Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բլինքենը կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել ջանքերը՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու ուղղությամբՄիրզոյանը և Բայրամովը համաձայնել են լրացուցիչ ջանքեր ներդնել խաղաղության համաձայնագրի՝ ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ