Բայդենը թույլատրել է հակահետևակային ականների մատակարարումն Ուկրաինա․ WP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել հակահետևակային ականների փոխանցումն Ուկրաինային, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով երկու անանուն պաշտոնյաների։

Նրանց տվյալներով՝ Սպիտակ տունն ընդունել է այս որոշումը՝ Ուկրաինայի բանակի պաշտպանության ամրապնդման նպատակով։

Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացումը մտահոգություն է առաջացրել Վաշինգտոնում։ Ականների կիրառումը, ըստ աղբյուրներից մեկի, պետք է դանդաղեցնի ռուսական ուժերի հարձակումը և «ավելի արդյունավետ դարձնի պաշտպանությունը»։

Ականների կիրառումը սահմանափակվելու է միայն Ուկրաինայի տարածքով, նշել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կփոխանցի «ինքնաոչնչացող» ականներ, որոնք որոշ ժամանակ անց կորցնում են մարտունակությունը՝ նվազեցնելով սպառնալիքը խաղաղ բնակչության համար։

Ականների քանակի և մատակարարման ժամկետների մասին թեթը չի նշում։

Ավելի վաղ Բայդենի վարչակազմը հրաժարվում էր Ուկրաինային նման ականներ տրամադրել՝ նշելով, որ դրանք մեծ ռիսկեր են պարունակում խաղաղ բնակչության համար։

ԱՄՆ որոշումը քննադատել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։ «Սա շոկային և կործանարար իրադարձություն է», - հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Մերի Ուորհեմը՝ ընդգծելով, որ նույնիսկ ոչ ակտիվ ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար։

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էլ, ռուսական ТАСС գործակալության հետ զրույցում, հաստատել է, որ Բայդենի վարչակազմը թույլատրել է Ուկրաինայում հակահետևակային ականների օգտագործումը։

Միաժամանակ, ինչպես նշում է The Washington Post-ը, ԱՄՆ-ը խոստանում է աջակցել Ուկրաինայում ականազերծման ջանքերին՝ պատերազմի ավարտից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հարվածում է ամերիկյան հեռահար հրթիռներով, Մոսկվան՝ սպառնում միջուկայինով