Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։
The New York Times-ը, AP-ն և Reuters-ը վկայակոչում են հարցին քաջատեղյակ աղբյուրների:
Սպիտակ տունը չի մեկնաբանել այս լուրերը։
Եթե դա հաստատվի, կնշանակի ԱՄՆ քաղաքականության լուրջ փոփոխություն՝ Կիևի կողմից նման գործողություններ թույլ տալու երկարամյա խնդրանքների ֆոնին:
Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Կիևը նախատեսում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում իրականացնել նման հեռահար հարձակումներից առաջինը, սակայն մանրամասներ չի հայտնել։
Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կօգտագործի ATACMS հրթիռները, որոնք ունեն մինչև 300 կիլոմետր հեռահարություն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել է, որ Արևմուտքը «պատերազմի» մեջ կմտնի Ռուսաստանի հետ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով, իսկ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը շեշտել է, թե այդ դեպքում Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի մայրաքաղաքը սովորական սպառազինությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ունի հիմնավոր պատճառներ Ռուսաստանի դեմ ավելի խորը հարձակումների համար. ՆԱՏՕ-ի պաշտոնյա