ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Ըստ Սպիտակ տան՝ հեռախոսազրույցին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահ, նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը։
Բայդենը վերահաստատել է Իսրայելի անվտանգությանը ԱՄՆ «երկաթյա» հանձնառությունը, միաժամանակ դատապարտել հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումն Իսրայելի ուղղությամբ։
Հոկտեմբերի 1-ին ուշ երեկոյան Իսրայելը հաղորդեց, որ իրանական կողմը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իրանական կողմը հարվածները համարել է ինքնապաշտպանական գործողություն՝ թիրախավորելով միայն ռազմական և անվտանգության օբյեկտներն Իսրայելում, որոնք պատասխանատու են Գազայում ավելի քան 40 հազար մարդու կյանք խլած պատերազմի, Լիբանանում Իրանի առանցքային դաշնակիցների սպանությունների համար:
Այս ֆոնին Իսրայելը շարունակում է հարվածաներ հասցնել Լիբանանում՝ իրանամետ «Հեզբոլա» խմբավորման կառույցներին, այդ թվում՝ տեղակայված մայրաքաղաք Բեյրութում:
Անդրադառնալով Լիբանանում Իսրայելի գործողություններին՝ Բայդենն ընդգծել է դիվանագիտական պայմանավորվածության անհրաժեշտությունը՝ շեշտելով՝ լիբանանցի և իսրայելցի քաղաքացիական անձանց անվտանգ վերադարձը սահմանի երկու կողմերում տեղակայված իրենց տներ։
ԱՄՆ նախագահն ասել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին «Հեզբոլա»-ից՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել, մասնավորապես, Բեյրութի խիտ բնակեցված շրջաններում խաղաղ բնակչությանը հասցվող վնասները։
Կողմերը քննարկել են նաև Գազայում իրավիճակը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 41 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ հուլիսի վերջին՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։
Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս Իսրայել-Իրան լայնամասշտաբ պատերազմը կազդի համաշխարհային տնտեսության վրա․ ամենամեծ տուժողը Չինաստանն է լինելու