Բայդենի վարչակազմը 2024-ին ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել

Արխիվային լուսանկար

ԱՄն նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 2024-ին արտաքսել է ավելի քան 270 հազար միգրանտի՝ շուրջ 192 երկիր, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությանը։

Նշվում է, որ սա 2014-ից ի վեր տարվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է։

Ծառայությունը պարզաբանել է, որ այս թվի ավելացումը դիվանագիտական ջանքերի արդյունք է՝ համոզելու երկրներին ընդունել արտաքսված քաղաքացիներին։ Նաև նշվում է, որ, օրինակ, Աֆրիկան և Ասիան տարիներ շարունակ չեն ընդունել ԱՄՆ-ից արտաքսվածներին:

Արտաքսումների նման թիվ գրանցվել է նաև Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում, երբ 2019-ին շուրջ 267 մարդ արտաքսվեց երկրից։ Այժմ նորընտիր նախագահը խոստանում է սկսել «պատմության մեջ միգրանտների արտաքսման ամենազանգվածային օպերացիան»:

Վերընտրվելուց հետո իր առաջին հարցազրույցում Թրամփը որպես առաջնահերթություն նշել էր անօրինական միգրանտների դեմ պայքարը։

Pew Research Center-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում ապրում է մոտ 11 միլիոն առանց փաստաթղթերի միգրանտ։ Փորձագետները կարծում են, որ նման մասշտաբի դեպքում Թրամփի ապագա վարչակազմը կարող է լուրջ դժվարությունների բախվել նորընտիր նախագահի ծրագրի իրականացման հարցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը որպես առաջնահերթություն է նշել անօրինական միգրանտների դեմ պայքարը