«Բաց ռադիոն» կմնա բաց տիեզերքի բոլոր ձայների, գույների և թրթիռների համար», - թուրքական «Աչըք» ( Açık Radyo)՝ «Բաց ռադիոյի» հիմնադրի վերջին խոսքերն են ռադիոկայանի վերջին թողարկման վերջին րոպեներին։
30 տարի FM հաճախականությամբ և ավելի քան 22 տարի առցանց հեռարձակվող «Բաց ռադիոյի» ձայնը Թուրքիայի կառավարությունը լռեցրեց հոկտեմբերի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:00-ին։
«6 րոպե էր մնացել եթերն անջատելուն, բայց քանի որ չէինք կարող 41 հաղորդավարի տեղավորել վերջին եթերում, 41 հոգի միայն մեկ բառ ասաց՝ «բարև». մենք փակվեցինք 41 անգամ «բարև» ասելով»,- հեռարձակման վերջին պահերի մասին Euronews-ին պատմել է ռադիոկայանի 79-ամյա հիմնադիր Օմեր Մադրան։
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության խորհուրդը (RTÜK-ը) չեղարկեց Ստամբուլում գործող անկախ ռադիոկայանի հեռարձակման լիցենզիան` այս տարվա ապրիլի 24-ին եթերում հնչած «Հայոց ցեղասպանություն» եզրույթի համար, որը պաշտոնական Անկարան մերժում է:
Այդ օրը ռադիոկայանի գլխավոր լրատվական թողարկման՝ Açık Gazete-ի՝ «Բաց թերթի» հյուրը՝ թուրք քաղաքագետ, լրագրող, գրող Չենգիզ Աքթարն ասել էր. - «Օսմանյան հողերում տեղի ունեցած տեղահանությունների և ջարդերի 109-րդ տարելիցն է, ջարդեր, որոնք կոչվում են «ցեղասպանություն»: Ինչպես գիտեք, այս տարի նույնպես արգելվեց Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը»։
Թուրքական լրատվամիջոցները կարգավորող գերատեսչությանը վրդովվեցրել է, որ հաղորդավարը չի միջամտել, չի փորձել «ուղղել» հյուրի խոսքերը, որոնք ըստ կառույցի, «ատելություն և թշնամանք են հրահրում»։
Մինչդեռ Մադրան պնդել է, որ ապրիլի 24-ի եթերում հնչած «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը կառույցը կոնտեքստից կտրել էր:
Չենգիզ Աքթարը Հրանտ Դինքի սպանությունից հետո «Ներեցեք մեզ, հայեր» խնդրագրի հեղինակներից է և Թուրքիայի ազգայնական շրջանակների կողմից «դավաճանի» պիտակ է ստացել։
Փակված ռադիոյի բակում հավաքված բազմաթիվ գործընկերներին, ունկնդիրներին և աջակիցներին դիմել է Օմեր Մադրան՝ հիշելով, որ հեռարձակման 3 տասնյակ տարիների ընթացքում իրենց բարձրախոսով եթեր է դուրս եկել ավելի քան 16 հազար հաղորդավար, 26 հազար հյուր։ Լիցենզիայի չեղարկումը անկախ պատճառից փորձ է լռեցնելու հանրային ձայնը, ընդգծել է նա։
«Խոսքս ուղղում եմ Թուրքիային և աշխարհին։ Հեռարձակման 30-ամյակին ընդամենը մեկ ամիս է մնացել, և այս լուրը վերջին հարվածն է Թուրքիայում խոսքի և լրատվամիջոցների ազատությանը», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան մերժում է «1915 թվականի իրադարձությունների մասին միակողմանի հայտարարությունները»
Թուրքիայում «Ձայն չունեցողներին և լռեցվածներին» լսելի դարձնող ռադիոն այսօր ինքն է ձայնազուրկ։ Օմեր Մադրան մի հորդոր ունի՝ չհանձնվել. - «Ուր էլ լինեք, եղեք ձեր ռադիոյի ձայնը և բարձրաձայն խոսեք. «Աչըք ռադիոն» պետք է բաց մնա»։
Ավելի վաղ RTUK-ը տուգանել էր ռադիոյին 280 հազար թուրքական լիրայով (7 հազար 500 եվրո) և 5 օրով զրկել էր հեռարձակումից։ Դրանից հետո նաև չեղարկել էր արտոնագիրը։ RTÜK-ի անդամ Իլհան Թաշչըն հայտարարել է, թե որոշել են ռադիոն եթերազրկել, քանի որ «հեռարձակողը վճարել է տուգանքը, սակայն չի ընդհատել հեռարձակումը»։ Մինչդեռ ռադիոկայանը պնդում է` իրենց հեռարձակումը դադարեցնելու պահանջի մասին պատշաճ չէին ծանուցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը դուրս է եկել բանտից «լավ պահվածքի համար»
Մադրան հույս ունի, որ կայանի փակումը վերջնական չէ: «Աչըք ռադիոն» ուսումնասիրում է լիցենզիայի այլ տարբերակներ և իրավական բողոք է ներկայացրել ընդդեմ RTÜK-ի որոշման, դատական գործընթացը շարունակվում է:
«Նույնիսկ եթե չկարողանանք նոր արտոնագիր ստանալ, վատագույն դեպքում կարող ենք շարունակել թվային հեռարձակումը, ստանալ թվային հեռարձակման անցնելու թույլտվություն»,- Euronews-ին ասել է փակված լրատվամիջոցի հիմնադիրը։
Տիեզերքի բոլոր ձայների, գույների և թրթիռների փոխարեն Թուրքիայում այսօր խշշոց է լսվում։
«Աչըք ռադիոն» Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի դափնեկիր է (2023թ).։