Օրերս Բաքու այցելած թուրք զինվորականների հերթական պատվիրակությունը, Թուրքիայի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Թունջայ Ալթուղի գլխավորությամբ, մի շարք հանդիպումներ է ունեցել ադրբեջանական բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզոևը Ալթուղի հետ հանդիպմանը քննարկել է բանակում բարեփոխումները, ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքն ու ձեռք բերված հաջողությունները։
Նշվել է, որ ադրբեջանաթուրքական ռազմական համագործակցությունը՝ հիմնված է եղբայրության և բարեկամության վրա, և շատ կարևոր դեր է խաղում ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի ձևավորման և զարգացման գործում։
Թուրքական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև պաշտպանության փոխնախարար-օդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեի, ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնակատար Շահին Մամեդովի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ զորավարժությունների, փորձի փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Ավելի վաղ թուրք զինվորականներն այցելել են ադրբեջանական բանակի կենտրոնական հրամանատարական կետ, հանդիպումներ ունեցել Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի, Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական, թուրքական բանակի գեներալ Բախտիյար Էրսայի հետ։
2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ են ստորագրել, որն, ըստ Բաքվի, բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում է Թուրքիայի ռազմական հետախուզության պետըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեկ ազգ, երկու պետություն»