Բաքվում այսօր մեկնարկած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին (COP29) մասնակցելու վերջնական որոշում չկա, այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Ազատության» հարցին ի պատասխան Կոստանյանն ասաց, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։
«Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ գնալ, և՛ չգնալ: Դա կախված է ընթացիկ գործընթացներից», - ասաց փոխարտգործնախարարը՝ շարունակելով․ - «Կան մի շարք խնդիրներ, կարգավորման գործընթացի դինամիկայից է կախված, հստակ առանձին խնդիր չեմ կարող մատնանշել»:
«Ազատության» հարցին՝ և՛ խաղաղության պայմանագրի, և՛ գերիների վերադարձի հարցը խնդիների մի՞ խումբ է, Կոստանյանը պատասխանեց․ - «Այո»։
«Ազատություն»․ - Բաքվի հետ կա՞ն քննարկումներ հենց COP-ի համատեքստում այս պահին ընթացող, որից ելնելով էլ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշում կկայացնի:
Կոստանյան․ - Ընդհանուր բանակցային դինամիկայից պետք է դատել, բնականաբար, կան խողովակներ որոնցով ընթանում են շփումներ, այդ թվում՝ նաև 11-րդ ադրբեջանական նախագիծը, խմբագրումը ստացանք, և դիտարկում ենք:
«Ազատություն». - Ալիևը լավատեսական հայատարարություն է հնչեցրել՝ ասելով, որ կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն։ Կա՞ որոշակի փոփոխություն այդ չհամաձայնեցված կետերի շուրջ։
Կոստանյան. - Դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակետները տարբերվում են: Բայց մենք տեսնում ենք հնարավորություն այդ տեսակետները մոտարկելու:
Մինչև նոյեմբերի 24-ը շարունակվող COP29-ին Ադրբեջանը նաև Հայաստանին է հրավիրել։ Մամուլը գրել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հնարավոր է Բաքու մեկնի՝ պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ գերիներին չվերադարձնելու դեպքում COP29-ին մասնակցությունը ճիշտ չի համարել։
ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց 2023-ի դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։ Որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ COP 29-ին Երևանի մասնակցությունը հաստատված չէ. Արարատ Միրզոյան