Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որն իր հերթին ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանից Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով, Բաքվում, անվտանգության համաժողովի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությանը, նշում են, որ, ըստ Քալընի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրն առաջին հերթին կապահովի ողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը։
«Երկրների միջև կայուն խաղաղությունը կնպաստի Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Սա իր հերթին ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա երթուղու երկայնքով», - ասել է Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը։
Մեկ ամիս առաջ նախ պաշտոնական Բաքուն, ապա Երևանը հայտարարեցին, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը:
Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:
Իրանն իր հերթին ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։
Օրերս Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհներն ապաշրջափակել՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, բայց և շեշտեց՝ այն չի ենթադրում ինքնիշխանության զիջում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իրանը «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար». Թեհրանն ու Երևանը քննարկել են ապաշրջափակման հարցը