«Կանադայի արտաքին գործերի նախարարը կրկին զբաղված է փաստերի մանիպուլյացիայով և խեղաթյուրմամբ»,- հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Կանադայի արտգործնախարարի երեկվա ուղերձին՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը խստորեն դատապարտել է կանադացի արտգործնախարարի հայտարարությունը և նրան կողմնակալության մեջ մեղադրել։
«Կանադացի նախարարը երբեք աջակցություն կամ հետաքրքրություն չի ցուցաբերել Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքներից մոտ 1 միլիոն բռնի տեղահանվածների իրավունքների նկատմամբ, իսկ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի մասին հայտարարությունները միայն վկայում են Ադրբեջանի նկատմամբ Կանադայի բացահայտ կողմնակալության մասին», - հայտարարել է Հաջիզադեն։
Դիվանագետը հավելել է. - «Կանադան բարոյական իրավունք չունի քարոզելու, թե ինչպես տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատել։ Նման սադրիչ և կողմնակալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան խոչընդոտ տարածաշրջանի հետագա զարգացման և առաջընթացի համար»։
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ իր ուղերձում Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին շեշտել է, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանի ռազմական գործողություններն արդարացված չէին։
Ժոլին ասել է, որ Կանադան կոչ է անում և շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին։
Ընդգծելով, որ Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր հայերին՝ Ժոլին շեշտել է, որ շարունակում են կոչ անել ազատ արձակել նաև Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։
Սեպտեմբերի 19-ին լրացավ Արցախի անկման մեկ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
Նախորդ տարվա այս օրը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։
Արցախում Ադրբեջանի ռազմական գործողություններին նախորդել էր 10-ամսյա բլոկադան․ Արցախը սուրջ տաս ամիս կտրված էր սննդի մատակարարումներից։ Արցախցիներն ապրում էին առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի, ջրի պաշարները սպառման եզրին էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օտտավան Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բանակցությունների կոչ է անումԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա