Բաքուն կողմնակալության մեջ է մեղադրել Վաշինգտոնին։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն նախ քննադատել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Դաֆնե Ռենդին Վարշավայի կոնֆերանսում երեկվա հայտարարության համար և «զարմանալի» որակել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մասին նրա անդրադարձը:
«Հետաքրքիր է, որ չնայած Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի ընթացքում մարդկության դեմ կատարված լայնածավալ հանցագործություններին և ադրբեջանցիների ջարդերին, ամերիկյան կողմը միայն հիմա է անդրադառնում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերացման կարևորությանը», - ասել է Հաջիզադեն՝ շեշտելով, թե «Միացյալ Նահանգները շուրջ 30 տարի անտեսել է Հայաստանի այս հանցագործությունները»։
«Եթե ամերիկյան կողմը ցանկանում է ցուցաբերել անաչառություն և արդար դիրքորոշում, ապա նախ պետք է պահանջի հետաքննել Հայաստանի կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Հակառակ դեպքում, սա ոչ այլ ինչ է, քան հայկական քարոզչության ազդեցության տակ արված միակողմանի հայտարարություն», - ասել է ադրբեջանցի դիվանագետը:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականն իր ելույթում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումներին, մասնավորապես, նշել է․ - «Մենք կշարունակենք աշխատել ԵԱՀԿ-ի հետ և միջազգային այլ ջանքեր կգործադրենք՝ լուծելու միջազգային իրավունքի խնդիրները, որոնք ծագում են տարածաշրջանում: Մենք շարունակում ենք դիտարկել միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները նաև Լեռնային Ղարաբաղում»։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: Ադրբեջանի ռազմական այդ ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։
Արցախում Ադրբեջանի ռազմական գործողություններին նախորդել էր 10-ամսյա բլոկադան․ Արցախը շուրջ տաս ամիս կտրված էր սննդի մատակարարումներից։ Արցախցիներն ապրում էին առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի, ջրի պաշարները սպառման եզրին էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա