Բաքուն խաղաղության պայմանագրի նախագծի իր տարբերակը Երևանին ուղարկելուն զուգահեռ սպառնում է «պարտադրել Հայաստանին այն ստորագրել»։ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովն ընդգծել է՝ որպես հաղթանակած երկիր կարող են դա անել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բաքուն կարող է հարկադրել խաղաղություն Հայաստանին», հայտարարել է Ադրբեջանի ԱԽ քարտուղարըԵրևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՈ՛չ Հայաստանի արտգործնախարարությունը, ո՛չ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները Ադրբեջանից հնչած սպառնալիքներին մինչ այս պահը չեն արձագանքել: Իշխող կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը պատճառաբանեց, թե ծանոթ չէ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարություններին. - «Որևէ բան մեկնաբանելու համար շատ ճիշտ և արդյունավետ կլինի՝ ես կարդամ մեկ անգամ գոնե, ամբողջ կոնտեքստն ընկալեմ, նոր մեկնաբանեմ»:
Բաքուն մերժել է համաձայնեցված կետերով փաստաթուղթ ստորագրելու, չհամաձայնեցվածների քննարկումն ապագային թողնելու Երևանի առաջարկը՝ պնդելով, որ տեքստն ամբողջությամբ պետք է համաձայնեցվի, այժմ կողմերը հենց դա էլ փորձում են անել: Ադրբեջանի վերջին խմբագրումը Երևանը ստացել է երեկ, սակայն մանրամասներ փաստաթղթից հայտնի չեն:
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը նշանակում է, որ Բաքուն սպառնալիքով Երևանին պարտադրում է ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրել:
«Հիմա իրենք ասում են՝ ընդամենը մի կետի շուրջ, փոքր ինչ-որ բովանդակություն, եսիմինչեր, Արարատ Միրզոյանի լիրիկան, վստահ եմ, տեսել եք, հիշում եք: Եվ հիմա իրենց Անվտանգության խորհրդի քարտուղարը շատ ավելի հստակ էր, ասեց՝ կա՛մ սենց, կա՛մ նենց, որովհետև փաստաթուղթը, որը դրված է սեղանին, խաղաղություն չի, դա կապիտուլյացիայի փաստաթուղթն է. երբ մենք առաջին անգամ տեքստը տեսանք, դա մեր հայտարարությունն էր, մանրամասները չեմ կարող ներկայացնել, բայց դա խաղաղություն չի բերելու», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Խաչատրյանը:
Իշխանությունից, մինչդեռ, վստահեցնում են՝ բանակցություններում դրական զարգացումներ կան, և ավելի քան երկու տարվա քննարկումներից հետո պայմանագիր կնքելու հնարավորություն են տեսնում: Գևորգ Պապոյանը, սակայն, այս պնդումն արեց առանց բովանդակային մանրամասների:
«Այն գործընթացը, որը հիմա կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, իմ մոտ տպավորություն է թողնում դրական իմաստով, որ մենք, այնուամենայնիվ, կգնանք և, գնում ենք դրան և ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը: Ինչ-որ կետեր են եղել, որի շուրջ անհամաձայնությունը եղել է շատ ավելի մեծ, հիմա բանակցությունների արդյունքում այդ չհամաձայնեցված կամ քննարկելի կետերի շրջանակը էականորեն փոքրացել է», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահը:
Համաձայնագրի բովանդակությունից մի շարք կետեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրայնացրել է, բայց վիճահարույց հոդվածներից վարչապետն ու թիմակիցները հրաժարվում են խոսել՝ պատճառաբանելով, թե կխախտեն բանակցային էթիկան:
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը Հայաստանի դիվանագիտության ձախողում է համարում նաև այն, որ Բաքվի սպառնալիքների ֆոնին Երևանը մնացել է միայնակ՝ առանց որևէ միջազգային դերակատարի լուրջ աջակցության:
«Եվ Փաշինյանը, ով Ադրբեջանի դեմ չի կարողանում ոչինչ անի, գալու է ժողովրդին շանտաժի ենթարկի, ասելու է՝ «դե տեսեք, եթե սա չանենք, կլինի պատերազմ»: Նույնը չէ՞ր՝ «եթե սա չանենք, Ղարաբաղը չտանք, հարձակում կլինի Հայաստանի վրա», «եթե սահմանազատում չլինի Կիրանցում, կռիվ կսկսվի»: Ու էդ քաղաքականությունը իրենք շարունակելու են: Փաշինյանը ադրբեջանական պահանջները փորձում է սեփական ժողովրդի վրա ծախել», - հայտարարեց Խաչատրյանը:
Առանց միջնորդների՝ ուղիղ բանակցություններ անցկացնելու գաղափարն ի սկզբանե Բաքուն առաջ է քաշել՝ զուգահեռ բոյկոտելով արևմտյան առաջնորդների միջնորդությամբ բանակցությունները: Հիմա հայաստանցի պաշտոնյաներն էլ համարում են, որ սա առավել արդյունավետ ֆորմատ է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Բաքվին. ԱԳ փոխնախարարԱԺ նախագահը չի բացառում, որ ապաշրջափակման հարցը Երևանն ու Բաքուն այսուհետ քննարկեն երկկողմ ձևաչափով«Բաքվի նախապայմանի բնույթն այնպիսին է, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէ շատ արագ կատարել». քաղաքագետ«Կա ևս 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք». Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին