Բաքուն, իր հերթին, Ֆրանսիայի դեսպանին է կանչել ԱԳՆ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայո, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարությունն, իր հերթին, այսօր Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոյին կանչել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն։

COP29-ը բոյկոտելու կոչերն անընդունելի են, արտգործնախարարությունում ասել են դեսպանին։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունից APA-ին փոխանցել են, որ դեսպանին է այսօր փոխանցվել նաև Բաքվի դժգոհությունը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության կապակցությամբ, մասնավորապես, նշելով, թե «Հայաստանին զինելու և ռևանշիզմ խրախուսելու Ֆրանսիայի քայլերը վնասում են խաղաղության գործընթացը»։

2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր կնքեցին, որով Փարիզը, մասնավորապես, GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև Bastion զրահամեքենաներ մատակարարեց։ Այս համագործակցությունը հարուցեց Ադրբեջանի և Ռուսաստանի դժգոհությունը և է՛լ ավելի սրեց լարվածությունը պաշտոնական Բաքվի և Փարիզի միջև։

Երեկ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևանն էր կանչվել արտգործնախարարություն։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարությունում նշել էր, որ դեսպանին կանչել են COP29-ում Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների կողմից արված անընդունելի հայտարարությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են ՄԱԿ-ի համաժողովին Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիեր-Ռունաշերնի այցի չեղարկմանը և կոչ արել Բաքվին դադարեցնել թշնամական գործողությունները։

Անցած շաբաթ Բաքվում, COP29-ի շրջանակներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում Ֆրանսիայի, Նիդերլանդների, Եվրամիության իշխանություններին մեղադրեց «մարդու իրավունքների ոտնահարումների», «հանցագործությունների» և իրեն քննադատելու համար։ Այդ ելույթից հետո Ֆրանսիայի բնապահպանության նախարարը չեղարկեց Բաքվում կլիմայական հարցերով բանակցություններին իր մասնակցությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ճնշել, «սպանել»․ Ալիևը Փարիզին մեղադրել է գաղութատիրական քաղաքականություն վարելու մեջ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Ֆրանսիայում ուզում են հայերից ավելի հայ լինել»