Ադրբեջանը հրավեր է ուղարկել Հայաստանին մասնակցելու COP29-ին, իսկ մասնակցել-չմասնակցելը Երևանի ընտրությունն է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։
Ընդգծելով, թե Բաքվում կարևոր քննարկումներ են ընթանում COP29-ի շրջանակներում և որ կլիմայի փոփոխությունն աշխարհի հիմնական սպառնալիքներից մեկն է՝ Հաջիզադեն շեշտել է, թե «կարևոր քննարկումներին մասնակցելը պետք է լինի յուրաքանչյուր անդամ պետության առաջնահերթությունը»։
«Հարցը՝ Հայաստանը մասնակցում է, թե ոչ, մենք չենք մեկնաբանում։ Մասնակցության հարցն իրենց ընտրությունն է», - եզրափակել է ադրբեջանցի դիվանագետը։
Պաշտոնական Երևանը դեռ վերջնական որոշում չունի՝ մասնակցել Բաքվում նոյեմբերի 11-ին մեկնարկած Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի վեհաժողովին, թե՝ ոչ, և ինչ մակարդակով։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը օրերս «Ազատության»-ն ասել էր՝ «եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ գնալ, և՛ չգնալ»՝ շեշտելով՝ Հայաստանի որոշումը կախված է լինելու մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ քննարկումներից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ու Հայաստանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը․ Հաջիև