Բաքուն հիմա էլ մեղադրում է Երևանին Քելբաջարի դիրքերի ուղղությամբ կրակելու համար, հայկական կողմը հերքում է

Հայ զինվորը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Բաքուն երեկվանից երկրորդ հաղորդում է տարածում՝ հայկական կողմին այս անգամ մեղադրելով երեկ ժամը 23:50-ի սահմաններում Վարդենիսի շրջանի դիրքերից Քելբաջարի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է նաև Բաքվի այս հաղորդումը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է հայտարարությունում։

Երեկ Բաքուն մեղադրել էր Հայաստանին Նախիջևանի Ջուղայի շրջանի ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ Հայակական կողմը հերքել է այս հաղորդումը՝ հիշեցնելով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։

Այս առաջարկին հրապարակային արձագանք պաշտոնական Բաքվից առայժմ չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմը՝ Բաքվի սպառնալիքները կանխելո՞ւ համար. ինչ է այն ենթադրում