Բաքուն հաստատեց՝ իր ճնշման արդյունքում է հետ կանչվել Արցախի մասին ֆիլմն «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից

Բաքուն հաստատեց՝ իր ճնշման արդյունքում է Հորդանանը հետ կանչել Արցախի մասին պատմող հայ ռեժիսորի ֆիլմը «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունից։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Հորդանանի կողմից «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացրած ժապավենի բովանդակությունը «հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։

«Ֆիլմն ի վերջո չի ներկայացվել «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը, և դրա ցուցադրությունը Հորդանանում դադարեցվել է։ Մենք ողջունում ենք հորդանանյան կողմի այդ որոշումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմը պատմում է Արցախի և արցախցիների մասին։ Ֆիլմի գլխավոր հերոսը 11-ամյա Վրեժն է, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում, բայց արդեն ավերված հայրենիք։ Վրեժին բաժին են հասնում նոր փորձություններ, նա ստիպված է լինում պատրաստվել նոր ռազմական գործողությունների, պայքարել ծանր տրավմաների դեմ: