Պաշտոնական Բաքուն կտրականապես մերժում է Եվրահանձնակատար Նիկոլաս Շմիդի երեկվա հայտարարությունները՝ դրանք որակելով «անընդունելի, անհիմն ու կողմնակալ»։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն նախ նշել է, թե հանձնակատարի հայտարարությունը պատրաստել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS), ապա այն «իրականությանը չհամապատասխանող» ու «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական անհաջող փորձ» համարել։
Եվրախորհրդարանում Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների հարցով երեկվա քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Եվրահանձնակատար Նիկոլաս Շմիդը հայտարարեց, որ COP29-ը Բաքվի համար հնարավորություն է ցույց տալու հավատարմությունը մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին։
Եվրահանձնակատարը շեշտեց, որ Ադրբեջանում ձերբակալությունների թիվն աճել է, ընթերցեց բանտարկվածների անունները ու հորդորեց Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրանց։ Խոսեց բանտերում խոշտանգումների, վատ վերաբերմունքի մասին, կարևորելով, որ չարաշահումների մասին յուրաքանչյուր հաղորդում պատշաճ և անաչառ քննության առնվի։ Շմիդը նաև ասաց, որ ուժգնանում է ճնշումն անկախ լրատվամիջոցների, այլախոհների վրա։Նա ընդգծեց, որ կոնֆերանսը պատմական հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի համար աշխարհին ցույց տալ իրենց հավատարմությունը խաղաղությանը և քաղաքական կամք դրսևորել խաղաղության պայմանագիրը կնքելու համար։
Հաջիզադեն հակադարձել է Շմիդին՝ «սկզբունքորեն կեղծ» համարելով պնդումը, թե Ադրբեջանի որոշ քաղաքացիներ հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար, կամ որ լրագրող կամ իրավապաշտպաններ ներկայացնող անձանց դեմ քրեական գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն։
Եվրամիության համապատասխան կառույցներն մեղադրելով բացարձակ «անտեղյակության և անտարբերության» մեջ՝ Հաջիզադեն ասել է, թե Եվրահանձնակատարը բարոյական իրավունք չունի խոսելու Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների մասին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերից։
«Մենք կոչ ենք անում Եվրախորհրդարանին և առհասարակ ԵՄ-ին հրաժարվել միակողմանի դիրքորոշումից, որը հակասում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը», - ասված է Հաջիզադեի հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ COP 29-ը լավ առիթ է Բաքվի համար՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու, բացառելու մարդու իրավունքների ոտնահարումը. Շմիդ