Բաքուն պնդում է՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչ այս տարեվերջ կախված է Հայաստանից

«Մեկ տարի առաջ մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնավարությունը ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան, որոնք 30 տարի թղթի վրա էին մնացել», - COP 29-ի առաջնորդների համաժողովի բացման ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք անձամբ իրականացրինք այդ բանաձևերը։ Վերականգնեցինք միջազգային իրավունքը, արդարությունը ու վերջ տվեցինք հայկական օկուպացիային»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ լրագրողների հետ զրույցում հայ-ադրբեջանական բանակցությունների մասին հայտարարել է. - «Կան կարևոր կետեր, որոնք դեռ պետք է համաձայնեցնել»։

Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչ այս տարեվերջ կախված է Հայաստանից՝ նշելով պայմանագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեցված են:

Բայրամովն ընդգծել է, թե խաղաղության բանակցությունների նախաձեռնողն ադրբեջանական կողմն է, իրենք վճռականորեն տրամադրված են բանակցություններն ավարտին հասցնել։

«Այս գործընթացը կախված է երկու կողմերից», - ասել է Բայրամովը։

«COP 29-ին չմասնակցելը նրանց համար կորցված հնարավորություն է», հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը մի քան ներկայացուցիչների գրանցել էր համաժողովի համար։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նախօրեին «Ազատության»-ն ասաց, որ դեռ վերջնական որոշում չկա՝ մասնակցել Բաքվում մեկնարկած Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի վեհաժողովին, թե՝ ոչ, և ինչ մակարդակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեռևս տեղեկություններ չկան COP29-ին ՀՀ ներկայացուցիչների մասնակցության մասին․ Հաջիև