Բագրատ սրբազանը քննադատեց Երևանի՝ Բաքվին արած առաջարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ Բաքվին արած առաջարկը, ըստ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, շատ նման է Գրանադայում առանց հակառակ կողմի համաձայնության թուղթ ստորագրելուն։

«Ի՞նչն է այս շտապելու տենչը՝ սեփական ուղղակի քաղաքական և բարոյական ուղեգորգ լինելու զգացո՞ւմ, թե՞ պատվեր կատարելու հրահանգ», - այսօր աջակիցների հետ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասաց սրբազանը։

Ըստ Բագրատ սրբազանի՝ սա «խաղաղություն մուրալ է»։

Վարչապետը երեկվա ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Երևանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը, ևս 3 հոդվածի բառապաշարի մեծ մասը: Ապա հավելեց՝ Հայաստանը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին՝ ստորագրել այն հոդվածների տակ, որոնք արդեն համաձայնեցվել են՝ մյուսների քննարկումը թողնելով ապագային։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը. վարչապետ

Գրանադայում նախորդ աշնանը հնգակողմի փոխարեն կայացել էր քառակողմ հանդիպում առանց Ադրբեջանի, ընդունվել հայտարարություն։ Հայաստանի իշխանությունները Գրանադայի հայտարարությունը լուրջ հաղթանակ են համարել։

Սրբազանը պահանջում է Արցախի հարցը բանակցային օրակարգում ներառել

Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի և շարժման հավաքը սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Անկախության օրվան ընդառաջ էր։

Արցախի հարցը փակված չէ, հայտարարեց արքեպիսկոպոսը։

«Այն իր բոլոր դրսևորումներով և ծավալումներով կազմում է հայկական օրակարգի առանցքը: Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին», - ասաց նա՝ գործող իշխանություններից պահանջելով հետամուտ լինել Արցախի հիմնահարցը բանակցային օրակարգում ներառելուն։

Նա Հայաստանի իշխանություններին մեղադրեց «արցախցիների տուն վերադարձի խոչընդոտը լինելու» մեջ։

Վարչապետն իր հերթին երեկվա ասուլիսում անդրադարձել էր արցախահայերի հավաքական վերադարձի մասին հարցին՝ ասելով, թե այն ընկալումներով, որոնցով Լեռնային Ղարաբաղի մի խումբ հայրենակիցներ ու նախկին պաշտոնյաներ փորձում են ձևակերպել հարցը, իրատեսական չէ:

«Այն փաթեթավորումը, այն բովանդակությունը, որը ներկայացվում է, իմ համոզմամբ, հակասում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին: Հայաստանի Հանրապետության պետական շահը չափում եմ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու իրավազորությամբ», - հայտարարել էր նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փաշինյանին պետք է խաղաղություն կոչվող թղթի կտոր՝ վերընտրվելու համար». ընդդիմությունը՝ Բաքվին վարչապետի առաջարկի մասին

Բագրատ սրբազանի ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվեցին հունիսին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով:

Սրբազանն առայժմ շարժման հետագա ծրագրերի մասին շատ մանրամասն չի խոսում։ Այսօր էլ այդ մասին անդրադարձ չեղավ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատրաստության մեջ ենք». Բագրատ սրբազանի խոսքով՝ պայքարը մինչև ընտրություններ չի ձգձգվի