«Հայաստան» խմբակցությունը կքննարկի Նազարյանի «հետագա գործունեության հարցը», Նազարյանը մինչև նիստը, ձեռնպահ կմնա մեկնաբանությունից

Գեղամ Նազարյան, արխիվ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կքննարկի Գեղամ Նազարյանի «հետագա գործունեության հարցը», հայտնել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը», - Ֆեյսբուքում գրել է Խամոյանը՝ շեշտելով՝ իրենց «թիվ մեկ օրակարգը մնում է այս իշխանություններին հեռացնելը»։

«Եթե խմբակցության որևէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա», - գրել է ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով․ - «Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցև ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը»:

Գեղամ Նազարյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ձեռնպահ կմնա մեկնաբանությունից մինչև խմբակցության նիստը։

Թե երբ է նշանակված նիստը, հստակ չէ, խմբակցությունից էլ կոնկրետ օր չեն նշում։