«Քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք էն տեղերից, որտեղ որ մենք ենք առաջ». - Ազգային ժողովի նախագահը երեկ այսպիսի հայտարարություն էր արել։ Այսօր դիմեցինք Ալեն Սիմոնյանին, որ պարզաբանի՝ ո՞ր հատվածներում է, որ հայկական ուժերն առաջ են ու հայ - ադրբեջանական սահմանազատման ժամանակ պետք է հետ քաշվեն։ Պարզվեց՝ այդպիսի տեղեկություններ չունի, ուղղակի տրամաբանել է
Ազգային ժողովի ղեկավարը։
«Ես կոնկրետ որևիցե բան նկատի չեմ ունեցել և չեմ պատրաստվում կոնկրետ ինչ-որ տեղեր ասել, որովհետև նախ էդ գիտելիքները չունեմ և էդ տեղեկությունները չունեմ: Բայց հենց սահմանագծում և սահմանազատումը դրա համար է արվում, որպեսզի էդ հարցերը... այո, էդ տրամաբանության, եթե տենց ավելի հարմար է՝ էդ տրամաբանության մեջ եմ ասել», - հայտարարեց խորհրդարանի խոսնակը:
Ալեն Սիմոնյանն ասաց՝ հստակ մեկ տեղ գիտի, որ վիճահարույց է, դա էլ՝ բաց աղբյուրներից։ Տավուշում, որ գարնանը՝ սահմանազատման ժամանակ էլ հարցը չլուծվեց. - «Տավուշում երկու եռանկյունի կա, որը որ գտնվում է մի մասը, մեր, իրանց, էսպես ասած, մասի եռանկյունին գտնվում է մեր տիրապետության մաս, իսկ մերը գտնվում է իրանց մասում: Դա որևիցե մեկի համար գաղտնիք չի, էդ քարտեզի վրա էլ է երևում»:
Ազգային ժողովի նախագահը հայկական և ադրբեջանական զորքերի հետ քաշվելուց խոսել էր, երբ սահմանազատման կանոնակարգի առիթով նրան լրագրողները հարցրել էին՝ ունե՞ն պայմանավորվածություն, որ ադրբեջանական զորքերը դուրս կգան Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Հանրապետության երկրորդ դեմքն այս հարցը «մանրուք» էր որակել. - «Մենք չենք քննարկել էդ մանրուքը»:
Ադրբեջանական զորքերը 2021 թվականից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածքից զավթել են, ըստ Սիմոնյանի, 240 քառակուսի կիլոմետր տարածք։ Ստացվում է՝ այս կորուստն իր համար մանրո՞ւք է։ Սիմոնյանը փորձեց խմբագրել երեկվա իր հայտարարությունը. - «Չէ, ես դա մանրուք չեմ համարում, ես ասում եմ, որ ընդհանուր գլոբալ պատկերի մեջ մենք պետք է գլոբալ հարցերին անդրադառնանք: Հիմա մենք ունենք խաղաղության պայմանագրի շուրջ քննարկում, և խաղաղության այմանագրի շուրջ քննարկման մեջ շատ ու շատ կարևոր, շա՜տ կարևոր հարցեր կան, որոնք ներառված չեն, բայց դրանք նախատեսված չեն, որ ներառված լինեն էդ մասշտաբի, էդ ֆորմատի փաստաթղթի մեջ»:
«Դա նաև իշխանության վերաբերմունքն է այդ տարածքների նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ», - պնդում է խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Սահմանազատման տրամաբանությամբ Ադրբեջանը պետք է նախ դուրս գա օկուպացրած տարածքներից. սա ոչ թե մանրուք է, այլ՝ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերից, շեշտում է ընդդիմադիր պատգամավորը։ Այդ հարցը մանրուք որակելը, ըստ նրա, պատահական չէ։
«Ես կարծում եմ, որ այստեղ կա շատ ավելի մեծ խնդիր, և Հայաստանի՝ Սահմանադրությամբ երկրորդ անձը, ըստ էության, նախապես փորձում է մեղմացնել և հասարակության նաև զգոնությունը բթացնել առ այն, որ վաղը կարող է այդ տարածքներից ադրբեջանական զորքերը դուրս չգան, որովհետև դա ընդամենը ընդհանուր իրավիճակում մանրուք է», - ընդգծեց Աբրահամյանը:
Ընդդիմադիր պատգամավորի տպավորությամբ՝ Փաշինյանի իշխանությունը գիտակցում է, որ Ադրբեջանը հետ չի քաշվելու Հայաստանի սուվերեն տարածքից, ու առանցքային դեմքերի միջոցով փորձում են նսեմացնել այդ տարածքների նշանակությունը, հանրությանը պատրաստում են նաև այդ կորստին. - «Քիչ-քիչ փորձում է ստեղծված իրավիճակը փափկեցնել, մեղմացնել, որպեսզի դա հանրության վրա մեծ ազդեցություն հետագայում չունենա»:
Սահմանազատման կանոնակարգն էլ, ըստ Տիգրան Աբրահամյանի, պայմաններ չի ստեղծում այդ տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերման համար. - «Կարող է ստեղծվել իրավիճակ, որ Ադրբեջանը, ըստ էության, հասնի իր համար առաջնահերթ ուղղությունների սահմանազատմանը, դրանից հետո համարի, որ պրոցեսը այլևս իր համար հետաքրքիր չէ, ստեղծի շինծու իրավիճակ, որ գործընթացը աս կամ այն պատճառով Հայաստանն է, օրինակ, տապալել, և գործընթացը կանգնի»:
Այդ փաստաթուղթը, որում հստակ քարտեզ ամրագրված չէ, Աբրահամյանի գնահատմամբ, Ադրբեջանին հնարավորություն է տալիս՝ որտեղ իրեն ձեռնտու է՝ սահմանը հստակեցնել, որտեղ իր զորքերն են՝ գործընթացը տապալել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ-ը քննարկեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի վավերացման հարցն առանց ընդդիմության