Ազգային ժողովի նախագահը չի բացառում, որ տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման հարցը Երևանն ու Բաքուն այսուհետ քննարկեն երկկողմ ձևաչափով՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Այլ մանրամասներ, սակայն, Ալեն Սիմոնյանը չհայտնեց՝ հարկ համարելով միայն ընդգծել. - «Ամեն ինչ հնարավոր է, ես պետք է ասեմ, որ մենք փոքր, շատ փոքր քայլերով երկկողմ շարժվում ենք դեպի դրական արդյունք, և յուրաքանչյուր բան հնարավոր է»:
Որ սահմանազատման աշխատանքները համակարգող Գրիգորյանն ու Մուստաֆաևը վերջին հանդիպմանը քննարկել են տրանսպորտային հաղորդակցության հարցը, պարզ դարձավ կողմերի պաշտոնական հաղորդագրությունից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ - ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը մտավ ուժի մեջՀնարավո՞ր է՝ Հայաստանն ու Ադրբեջանը աշխատանքային խմբեր ձևավորեն և սկսեն երկկողմ բանակցություններ նաև ապաշրջափակման օրակարգով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել, ինչն «Ազատությունն» արել է։
Տարածաշրջանային ապաշրջափակման հարցով մինչև անցած տարի հենց Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն էին զբաղվում, բայց եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ միասին: Հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը, սակայն, ավելի քանի մեկ տարի է նիստեր չի անցկացրել։ Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի փոխվարչապետն ասել էր՝ պատճառը կոնսենսուսի բացակայությունն է: «Մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումներ շարունակելը ուղղակի իմաստ չունի», - նշել էր Գրիգորյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապաշրջափակման հանձնաժողովների նիստերը չեն շարունակվում, որովհետև կոնսենսուս չկա. Մհեր ԳրիգորյանԱրդյոք այժմ Հայաստանն ու Ադրբեջանը առանց ռուսական կողմի հասել են կոնսենսուսի, որ քննարկումները շարունակվում են, հստակ չէ, հայտնի է միայն, որ կազանյան բանակցություններին քննարկվել է կոնկրետ բեռնափոխադրումների վերականգնման հարցը: Բայց մանրամասներից այսօր Ազգային ժողովի նախագահը հրաժարվեց խոսել:
«Ես խնդրում եմ հասկանալով մոտենալ և թե՛ ինձանից, թե՛ մեր մյուս պաշտոնյաներից շատ ինֆորմացիա չակնկալել, որովհետև էդ ինֆորմացիան կարող է վնաս հասցնել հենց գործընթացին և էդ գործընթացը խաթարել», - ընդգծեց Սիմոնյանը:
Երկաթգծի բացումը Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական կողմի միջնորդությամբ ակտիվ քննարկում էին 2021-22 թվականներին, Հայաստանի կառավարությունը նույնիսկ նախնական հաշվարկ էր արել, նշվում էր՝ երկաթգծի կառուցումը կարժենա 200 միլիոն դոլար: Հայկական կողմը, այդուհանդերձ, ակնկալում էր մինչ շինարարության մեկնարկը պայմանավորվածությունների ամրագրումը փաստաթղթով, ինչն այդպես էլ չհաջողվեց:
«Խաղաղության խաչմերուկ»-ի ամբողջական իրականացման մասին է խոսքը»
Թե այժմ երկաթգծի կոնկրետ որ հատվածի վերագործարկման շուրջ են քննարկումները, չհստակեցրեց նաև տարածքային կառավարման նախարարը՝ նշելով, թե «Խաղաղության խաչմերուկ»-ի ամբողջական իրականացման մասին է խոսքը:
«Մեղրիի երկաթգծի մասին էր խոսքը, Երասխի հատվածի երկաթգծի, Իջևանի հատվածի երկաթգծի, այսինքն՝ այն ենթակառուցվածքները, որոնք եղել են և հիմա չեն գործում, դրանք վերագործարկելու հնարավորությունների մասին են քննարկումները», - ասաց Գնել Սանոսյանը:
Հայաստանն ունի՞ ֆինանսական անհրաժեշտ միջոցներ երկաթգծերի կառուցման, վերազինման համար։ Առանց հստակ գումարը նշելու, Սանոսյանն ասաց՝ նախնական հաշվարկ արել են, և եթե հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ապա հաշվարկները վերջնական տեսքի կբերեն, կհստակեցնեն շինարարության ժամկետները և նախագիծ կպատվիրեն:
«Կբյուջետավորենք, կբաժանենք տարիների մեջ, թե յուրաքանչյուր տարի ինչքան գումար է անհրաժեշտ, կանենք: Որևէ խնդիր չենք տեսնում, Հայաստանի կառավարությունը նման խոշոր ծրագրեր իրականացնելու կարողություններ ունի, նաև այդպիսի ծրագրեր իրականացնելու ժամանակ երկրները հճախ նաև վարկային միջոցներ են ներգրավում», - նշեց տարածքային կառավարման նախարարը:
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Երևանն ու Բաքուն բանակցում են արդեն չորս տարի, բայց՝ անարդյունք: Հայկական կողմը դեմ է միջանցքային տրամաբանությանը, իսկ Ադրբեջանն այս տարիներին, կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը, առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Հենց այս տարաձայնությունների պատճառով էլ հարցը օգոստոսին կողմերը փոխադարձ համաձայնությամբ հանեցին խաղաղության պայմանագրից:
Չնայած սրան՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն անցած շաբաթ խորհրդարանում հայտարարեց, որ ապաշրջափակման հարցով առաջարկներ են փոխանցել Բաքվին, առանց հստակեցնելու՝ դա արել են մինչև հարցը խաղաղության համաձայնագրից հանե՞լը, թե՞ դրանից հետո: Նախարարը նաև չբացահայտեց առաջարկների փաթեթը, ասաց միայն, որ խոսքը սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման մասին է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կա ևս 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք». Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասինՊԵԿ նախագահն ընդհանուր բացատրեց՝ դա ինչ է նշանակում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ընդհանուր բացատրեց, թե դա ինչ է նշանակում, որն, ըստ նրա, կիրառելի կլինի նաև կոնկրետ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում:
«Դա նշանակում է, օրինակ, որ բազմաթիվ տեղեկություններ կան, որոնք երկրները կարող են նախապես փոխանակել իրար հետ, օրինակ՝ Վրաստանի Հանրապետության հետ մեր փորձը, որ մենք մեր արտահանման տվյալներն ենք նախապես ուղարկում, իրենք՝ իրենց արտահանման տվյալները, և ըստ էության հեշտանում է գործընթացը ներմուծման փուլում, որովհետև իրենք արդեն, կամ մենք արդեն ունենք որոշակի տեղություններ», - ասաց Բադասյանը՝ շարունակելով. - «Երկրորդը՝ բազմաթիվ այլ տեղեկություններ, օրինակ՝ եթե կարողանանք սքաներների նկարները նախապես փոխանակվել»:
Տրանսպորտային հաղորդակցությունների շուրջ քննարկմանը զուգահեռ, բանակցությունները շարունակվում են նաև խաղաղության համաձանագրի շուրջ: Ազգային ժողովի նախագահն այսօր հայտարարեց՝ Երևանը ստորագրման ուղղությամբ համառորեն աշխատում է: