Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու իշխանական մի խումբ պատգամավորներ առաջարկում են, որ իրավապահ կառույցները խորհրդարանին հաշվետու լինեն՝ տարեկան հաղորդումները ներկայացնեն, պատասխանեն իրենց հարցերին։
«Մենք գտնում ենք, որ այս ընթացակարգը պետք է ընդունվի, և հաջորդ տարվանից արդեն սկսած, այսինքն՝ 2025 թվականից այդպես լինի», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Այսօր Պետաիրավական հանձնաժողովում քննարկում էին Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի փոփոխությունը: Նախաձեռնող պատգամավորների խմբից Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց նախագիծը։ Առաջարկում են, որ Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեները, Տնտեսական մրցակցության պաշտպանության, Կոռուպցիայի կանխարգելման, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների ղեկավարները տարեկան հաղորդումները ներկայացնեն խորհրդարանում։ Հիմա այդպիսի պարտավորություն ունի միայն գլխավոր դատախազը։
«Սա, կարծում եմ, լավ կարող է օգտագործվել հենց ընդդիմության կողմից», - նշեց Գաբրիելյանը:
«Այս վիճակով էլ դրական է գաղափարը». - խորհրդարանի խոսնակի ու նրա թիմակիցների գաղափարը դուր եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի: Նա առաջարկեց, որ այդ ցանկն ընդլայնեն. - «Կարելի է վերցնել ցանկը և նայել՝ ո՞րն է, որ ուղիղ առնչություն ունի քաղաքացիների ամենօրյա գործունեության կամ իրավաբանական անձանց գործունեության հետ, և դիտարկել այդ կոնտեքստում, եթե հաշվետվողականություն, ապա իրենց էլ բերել այդ դաշտ»:
Իսկ ի՞նչ կտա այդ փոփոխությունը, եթե այդ մարմինները բացի գրավոր ընթացակարգից նաև բանավոր ներկայացնեն հաղորդումներն ու պատասխանեն պատգամավորների հարցերին։ Իշխանական Գաբրիելյանի կարծիքով՝ քաղաքական ելույթներն էլ պակաս ազդեցիկ չեն. եթե աղմկոտ են, հետևանքներ կլինեն։
«Մի քիչ շատ ավելի պատկերավոր ասեմ՝ եթե կարողանանք շատ մեծ աղմուկ գեներացնել կամ քաղաքական աղմուկ գեներացնել, բնականաբար, ինքը կունենա հետևանք», - նշեց պատգամավորը:
Որպես հաջող օրինակներ Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց վերջին լսումները, որ իշխանությունն էր հրավիրել խորհրդարանում՝ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի և իրավապահ կառույցների մասնակցությամբ հանդիպումները. - «Վերջին լսումներն էլ նույն իրավապահ համակարգի ցույց տվեցին, որ իսկապես այդ լսումները պահանջված են, և կան, այդ թվում նաև՝ պատգամավորների կողմից, բազմաթիվ հարցեր, որոնք բարձրաձայնվելու և դրնց պատասխանները լսելու կարիք ունեն»:
Պատգամավորի նշած երկու հանդիպումներն էլ անհետևանք չմնացին: Իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ լսումներում Քննչական կոմիտեի նախագահի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյան վիճաբանության ժամանակ Աղազարյանի որդու դեպքը բացահայտվեց։
«Պարոն Աղազարյան, խնդրում եմ նաև մեկնաբանեք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները հենց նույն էդպիսի վարույթներով հետ վերադարձնելու վերաբերյալ: Ինչո՞վ է դա պայմանավորված», - մասնավորապես հայտարարեց Արգիշտի Քյարամյանը:
Քյարամյանի հայտարարությունից հետո քրեական վարույթ հարուցվեց: Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հետ հանդիպումից օրեր անց հրաժարական տվեց:
Խորհրդարանական հանձնաժողովն այս նախագծին միաձայն հավանություն տվեց: Հարցը համարեց հրատապ, ու նախագիծը Պետաիրավական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստերի օրակարգում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հրաժարական են ներկայացրել ՏԿԵ և էկոնոմիկայի փոխնախարարները, ՀԾԿՀ նախագահըՉէր կարելի դատախազին վերևը նստեցնել. Սիմոնյանը՝ Քոչարյանի որոշման մասին ԱԺ միջադեպի առնչությամբ դիմում ստացվել է, ՔԿ-ի հանձնաժողովում քննարկման փուլում է. խոսնակՔյարամյանն ափսոսում է ԱԺ-ում միջադեպի համար, պատրաստ է ներողություն խնդրել հանրությունիցԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել