Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ Բաքուն «Արևմտյան Ադրբեջան»-ի օրակարգն առաջ է մղում ի պատասխան արցախցիների վերադարձի մասին Հայաստանի և միջազգային հանրության հայտարարությունների:
Ալիևը պահանջում է՝ Երևանը բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։
Ալեն Սիմոնյանն այսօր նախընտրեց ոչ թե Ադրբեջանի նախագահի այս պահանջին արձագանքել, այլ բացատրել, թե ինչու է Ալիևը նման բան անում:
«Մենք խոսում էինք Արցախի մասին, իրենք խոսում են «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին, մեր գործընկերները միջազգային խոսում են Արցախ վերադառնալու մասին, իրենք խոսում են ադրբեջանցիների վերադառնալու մասին: Հիմա եթե մենք ուրիշ բանի մասին խոսենք, իրենք նույն բանը հայելային ասելու են և բան են անելու: Ես առաջարկում եմ՝ մենք հայկական շահի, հայկական օրակարգի ուղղությամբ գնանք, այսինքն՝ մենք հասկանանք՝ մենք հայերով ի՞նչ ենք ուզում անենք, է՛դ ասենք», - հայտարարեց ԱԺ նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը Երևանից պահանջում է բանակցություններ սկսել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետՀայաստանի կառավարությունը, մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո արցախցիների վերադարձի մասին չի խոսում, ավելին՝ վարչապետ Փաշինյանն ու թիմակիցները մշտապես ասել են, որ իրենց խնդիրը Հայաստանի անվտանգությունն ապահովելն է:
Նույնն այսօր կրկնեց Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին՝ հնարավո՞ր է, որ այժմ, երբ Բաքուն ամենաբարձր մակարդակով խոսում է «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին, Հայաստանից ի պատասխան բարձրաձայնեն արցախցիների վերադարձի հարցը:
«Արցախցիների վերադարձի հարց կարա լինի էն դեպքում, երբ որ մենք վստահ կլինենք, որ էդ մարդկանց անվտանգությունը կկարողանանք ապահովել: Ուղղակի քաղաքական հռետորաբանությանը պատասխանել, կարծում եմ, էս փուլում ճիշտ չի: Եվ էն պարագայում, երբ որ մենք իմանանք, որ էդ մարդկանց չենք ուղարկում էնտեղ, որպեսզի իրենց հետ մի բան լինի, իհարկե, միանշանակ, դա կլինի», - նշեց Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ հավելելով. - «Բայց սա, կարծում եմ, քաղաքական հռետորաբանություն է, որը որ Բաքվի կողմից տարվում է հայելային տրամաբանությունից ելնելով»:
«Արևմտյան Ադրբեջան»-ի վերաբերյալ Բաքվից հնչած հայտարարություններին պաշտոնական Երևանը չի արձագանքել: Արտգործնախարարությունը հրաժարվում է հայտնել նաև ապաշրջափակման հարցով Բաքվին ուղարկված առաջարկների բովանդակությունը:
Հայաստանի բանակցողները տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համար ադրբեջանական կողմին գրավոր առաջարկներ ուղարկել են հոկտեմբերի 24-ին երկու երկրների ղեկավարների կազանյան բանակցություններից հետո: Այդ օրը Փաշինյան-Ալիև դեմ առ դեմ հանդիպմանը ճանապարհների բացման հարցը չէր շրջանցվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանն ապաշրջափակման հարցով իր առաջարկները Բաքվին է ուղարկել կազանյան բանակցություններից հետոԵրևանը Բաքվին գրավոր առաջարկ է արել կոմունիկացիաների բացման հարցով. վարչապետՀայ-ադրբեջանական բեռնափոխադրումները վերականգնելու հարցը՝ կազանյան բանակցությունների օրակարգումՓաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Կազանում. նախարարներին հանձնարարեցին շարունակել բանակցություններըԱրտգործնախարարությանը «Ազատություն»-ը խնդրել էր հայտնել՝ ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, և Բաքուն ինչպե՞ս է արձագանքել դրանց:
«Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հանրայնացման ենթակա տեղեկատվությունը պատշաճ կերպով և ողջամիտ ժամկետներում տրամադրվում է հանրությանը», - պատասխանեցին գերատեսչությունից:
Տարածաշրջանային ապաշրջափակման հարցը Երևանի և Բաքվի միջև առկա տարաձայնությունների պատճառով ամիսներ առաջ հանվեց խաղաղության բանակցությունների բանակցվող փաթեթից, բայց դրա շուրջ քննարկումները շարունակվում են: Ընդ որում՝ մոտ մեկ ամիս առաջ արտգործնախարար Միրզոյանը հստակեցրել էր, թե ինտենսիվ բանակցություններն ընթանում են կոնկրետ երկաթուղու ապաշրջափակման և դրա գործարկման ուղղությամբ: Արտգործնախարարությունից «Ազատություն»-ը նաև խնդրել էր մանրամասնել, թե երկաթուղու ո՞ր հատվածի շուրջ են քննարկումները: Սրան ևս նախարարությունը չի պատասխանել:
Այս շաբաթ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց առաջարկի բովանդակությունը գաղտնազերծելու կրկին պնդում էր, թե այն իրատեսական է:
«Առաջարկել ենք նաև շատ իրական, իրատեսական և ռեալ լուծում տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցով, և մնում ա բոլոր ուղղություններով ուղղակի քայլ անել և բոլոր ուղղություններով լուծել», - հայտարարեց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետ. «Մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս»Ադրբեջանին փոխանցված փաթեթը բխում է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, հիմքում էլ երկրների ինքնիշխանության և իրավազորության սկզբունքներն են: Բաքուն մինչ օրս այս նախագծի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել, փոխարենը՝ մշտապես պնդել է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
«Քիչ հավանական է, որ Բաքուն դրական արձագանքի «Խաղաղության խաչմերուկին» կամ դրանից բխող առաջարկի»
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը քիչ հավանական է համարում, որ Բաքուն ինչ-որ փուլում դրական արձագանքի Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին կամ դրանից բխող որևէ առաջարկի, հատկապես եթե դրա շուրջ չկա միջազգային դերակատարների համաձայնությունը:
«Ադրբեջանին պետք է այն ռեժիմը, որը գերակայություն կունենա Հայաստանի ինքնիշխանության հանդեպ: Ես կարծում եմ՝ այդպիսի ռեժիմ չլինելու պարագայում Ադրբեջանը չունի շահագրգռություն՝ գնալ ապաշրջափակման, որովհետև դրանից Հայաստանի համար էֆեկտը կլինի որոշակի հավասարակշռություն պարունակող, իսկ Ադրբեջանին այդ հավասարակշռությունը պետք չէ: Եվ ըստ այդմ՝ քիչ հավանական եմ համարում, որ Բաքուն գնա այդպիսի համաձայնության», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բադալյանը:
Երևանն ու Բաքուն ճանապարհների ապաշրջափակման հարցով բանակցում են 44-օրյա պատերազմից հետո, բայց՝ առանց արդյունքի: Ադրբեջանն առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան, իսկ հայկական կողմը կտրուկ մերժում է՝ դա համարելով կարմիր գիծ: Մինչ Արցախի անկումը, ճանապարհների բացման բանակցություններում ներգրավված էր նաև ռուսական կողմը: Քննարկումներն ընթանում էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված աշխատանքային խմբում, սակայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի լիակատար վերահսկողությունից հետո այդ ձևաչափով այլևս նիստեր չեն անցկացվել:
«Չէ չի շարունակվում: Ըստ էության, գիտեք, որ կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս: Մինչև էդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումներ շարունակելը ուղղակի իմաստ չունի», - ընդգծել է աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապաշրջափակման հանձնաժողովների նիստերը չեն շարունակվում, որովհետև կոնսենսուս չկա. Մհեր ԳրիգորյանՀենց այդ փուլում Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ դրեց ապաշրջափակման սեփական տեսլականը՝ այն անվանելով «Խաղաղության խաչմերուկ»: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը չի բացառում, որ այն այդպես էլ մնա թղթի վրա:
«Հայաստանի առաջարկը կարող է մնալ որպես առաջարկ՝ որպես այդպիսին, որովհետև դրա շուրջ չկա ոչ միկրոհամաձայնություն՝ նկատի ունեմ Ադրբեջանի մակարդակով, այսինքն՝ միկրոմակարդակում համաձայնություն, և ոչ էլ տեսնում ենք, որ մակրոմակարդակում կա ձևավորված ինչ-որ մոտեցում», - ասաց մեկնաբանը:
Չնայած ադրբեջանական նոր պահանջին և հայկական կողմի առաջարկներին արձագանքի բացակայությանը, Ազգային ժողովի նախագահն այսօր պնդեց՝ հայ - ադրբեջանական բանակցություններում բացասական ֆոն այժմ չկա: